

ԷկոԼուր
Ջրի խնդիրը Մեղրիի բնակիչների համար ամենասուր խնդիրն է: Ջուր նրանք միշտ չէ, որ ստանում են, այն էլ վատ որակի: Մեղրիի նոր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը գլխավոր նպատակներից է համարում ջրամատակարարման կարգավորումը, ընդորում, մաքուր ջրի տրամադրմամբ: «Մեղրիում այս պահին ջրատարով մատուցվող ջուրը մաքրության իր տեսանկյունից չի համապատասխանում ոչ մի նորմերի: Խողովակատարը իր հետ բերում է մազութ: Ըստ էության, այդ մազութը կամ շռայլորեն են ծախսել, կամ ոչ ճիշտ ժամանակին: Դա մասնագետը մենակ կարող է ասել: ... Բայց որ ջուրն այսօր առհասարակ կեղտոտ է մատուցվում ժողովրդին, դա արդեն փաստ է: Կատարել են շինարարական աշխատանքներ, աշխատանքը կատարելուց հետո ջրի որակն ավելի վատթարագույն վիճակում է: Եթե ես ճիշտ եմ պատկերացնում, այնտեղ, որտեղ ընդհանուր կայանն է, նրանք, չգիտեմ թե ինչու, ինչի համար էր անհրաժեշտ այդքան մազութ պատերին, ըստ էության չափից ավելի էր օգտագործված, եւ բերում է հետը, խողովակաշարի հետ գալիս է: Հիմա մենք ստիպված պետք է փոխենք նաեւ խողովակաշարը: Ոչ թե միայն ազատվենք կայանի այդ ողջ մազութից, այլ դրան զուգահեռ ստիպված պիտի լինենք, նոր խողովակաշար կառուցենք, որպեսզի կարողանանք բնակչին նորմալ ջուր տանք: Ջրառատ Մեղրիում կա ջրի սակավություն: Քաղաքացին 24 ժամ շարունակ ջուր չի ստանում: …
Կան ոռոգման առուներ Մեղրիում 3 հատ, եւ վերին առուն, որը ոռոգման ողջ պաշարի` գրեթե 40 %-ը հոսում է այդ առվով, եղել է փլուզված վիճակում: …Անհրաժեշտ է ոռոգման առուները նորոգել, քաղաքացուն տալ ոռոգման ջուր, որից հետո նոր կարելի է քաղաքացուն պարտադրել, որ իր այգին ջրի ոռոգման ջրով, ինչի արդյունքում ջուրը կսկսի բավարարել ժողովրդին: Երբ որ քաղաքացու մոտ են ջրի կորուստ հայտնաբերում, պատժում են քաղաքացիներին: Չգիտեմ` ում է անհրաժեշտ պատժել, եւ հակված էլ չեմ պատժելու, առավել շատ ուզում եմ մտածել` ինչ գումարներ է կարելի հայթհայթել, որպեսզի խողովակաշարը, ջրատարը փոխվի: …Ժողովրդին այնքան ենք հնարավորություններից զրկել, որ եթե գոնե ջուր ենք տալիս, մարդիկ կսկսեն իրենց երջանիկ զգալ…»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
Դեկտեմբեր 11, 2012 at 14:46
