

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոս Անջելեսում (ԱՄՆ) հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ներկայացնում ենք հատվածներ այդ հանդիպման մասին տեսանյութից, որը ակցիայի մասնակիցների կողմից տարածվել է Facebook սոցիալական ցանցում: Ակցիան կազմակերպել էր «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը: Ակցիան անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարանի մոտ, որտեղ հայկական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ հանդիպում էր Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Արթուր Պողոսյան, բժիշկ, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչ. «Խորը անհանգստություն ունենք Հայաստանի կառավարության անտարբերության եւ մասնակցությանը այն հանքերի արդյունաբերությանը, որոնք թույներ են լցնում մեր հողի, մեր ջրի, մեր ծառերի մեջ, կտրում, ոչնչացնում են մեր միջավայրը, մեր ֆաունան, ֆլորան, որը յուրահատուկ միջավայր է ամբողջ աշխարհում եւ ամենաանպատասխանատու ձեւով անարգում են հենց հանարապետության օրենքները եւ նաեւ միջազգային օրենքները: Եւ մենք իսկապես պահանջում ենք, որ ժամանակն է, որ թույլ չտանք, որ մեր հողերը, ջրերը, մեր օդը այդ ձեւով ապականվեն, որ այնտեղ մարդիկ այլեւս ապրելու հնարավորություն չունենան: Եւ շատ խնդրում ենք Ձեզ, շատ շնորհակալություն, որ եկել, լսում եք մեզ, որ այ սա փոխանցեք, որ մեր ուժը մեծանալու է, որ մենք թույլ չենք տալու, ճիշտ է հեռվում ենք ապրում, բայց ամեն օր մտածում ենք մեր երկրի մասին…Չենք թույլ տա, որ մեր երկիրը բաժանվի մասերի.. 400-ից ավել հանք փոքրիկ Հայաստանում շահագործվում են, 300 նոր լիցենզիա տրվել են Ղարաբաղի հողերը թունավորելու համար: Դրա՞ համար պայքարեցինք: Դրա՞ համար ազատագրեցինք երկիրը, որ մի քանի հոգի դառնան միլիոնատերեր, աշխարհի տարբեր երկրներում գնեն սեփականություններ…»:
Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյան. «Սա աննախադեպ բան է, եւ սա առաջինը չի լինելու: Ամբողջ Սփյուռքն է կանգնելու տեր այն հայրենիքին, որը Դուք փորձում եք այսօր ամբողջ պետական համակարգով հայաթափել: Վերադառնալու են տուն այս մարդիկ, ապրելու են իրենց հայրենիքում արժնավայել, հպարտ, եւ ոչ մի հանք չի շահագործվելու` հանձինս Թեղուտի, Ջերմուկի, Քաջարանի: Մենք տերն ենք մեր երկրի, պարոն վարչապետ: … Գնացեք, այցելեք Քաջարան, գնացեք, այցելեք Թեղուտ եւ նայեք` ինչ են անում մեր Հայաստանի հետ: Այս մարդիկ տեր են եւ երբեք չմտածեք, որ Սփյուռքը անտարբեր է լինելու: Սփյուռքը զարթնում է, 8 միլիոն Սփյուռք ունենք ու մենք տեր ենք կանգնելու մեր հայրենիքին…»:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Մենք, բնականաբար, շատ ուշադիր հետեւում ենք ձեր շարժմանը, տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին: Ավելին, բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում ձեր շարժման ներկայացուցիչների հետ: Ընդորում, այդ հանդիպումները ներկայացրել ենք նաեւ հրապարակային ձեւով: Ուրախ եմ, որ այս շարժումը Հայաստանում ուժ է հավաքում, թափ է հավաքում, առավել եւս Սփյուռքում: Ինձ դա շատ ուրախացնում է, որովհետեւ հասարակական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների ուժգնացումը բխում է մեր ժողովրդի շահերից, որովհետեւ քաղաքացիական հասարակությունը հնարավոր չէ կառուցել, եթե չկա ակտիվություն, եթե չկան այս կամ այն բնագավառում այդ բնագավառի շահերը պաշտպանող կազմակերպություններ, մարդիկ, որոնք նվիրված են իրենց գաղափարին եւ իրենց գաղափարն առաջ են տանում: Եւ մեր կառավարության պարտականությունն է ստեղծել այդպիսի հնարավորություններ ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը: Երկրորդը, ես շատ ուրախ եմ, որ ձեր շարժումը տալիս է դրական արդյունքներ, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ստանալով ահազանգեր, իմանալով այն տրամադրությունների մասին, որոնք կան հանրության մեջ, տեսնելով, որ օրեցօր բարձրանում է կանաչների հեղինակությունը Հայաստանի Հանրապետությունում, տեսնում ենք, որ նաեւ պետական կառույցներ հաշվի են առնում այդ կարծիքը, եւ դուք ունեք նվաճումներ այդ հարցում, որոշումներ, որոնք կառավարությունը, հաշվի առնելով ձեր կարծիքը, չեղյալ է համարել, որոշումներ, որ կառավարությունը վերացրել է: Խոսրովի արգելոցի հետ կապված ակտիվությունը, որի շնորհիվ դուք բացահայտում էիք պրոբլեմներ, եւ կառավարությունը նույնպես աջակցում էր ձեր այդ շարժմանը: Ես համոզված եմ, որ այս երկխոսությունն օգտակար է մեր ժողովրդի համար, մեր պետության համար: Իհարկե, կան բազմաթիվ պահանջներ, որոնք ձեր կողմից ներկայացվում են, որոնց լուծումները պրոբլեմատիկ են մեզ համար: Բայց մենք պատրաստ ենք նստել եւ ձեզ հետ քննարկել այդ հարցերը, փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք նաեւ կբավարարեն ձեզ: Ուզում եմ նաեւ իմ ուրախությունը հայտնել այն թեզի շուրջ, որ հնչեց, որ ձեզանից շատերը ուզում են վերադառնալ Հայաստան, եւ մենք շատ ուրախ ենք դրա համար: Սիրով հրավիրում եմ ձեզ Հայաստան եւ պատրաստ եմ ձեզ հետ միասին հանդիպել Հայաստանում:..Ժողովրդավարությունը կկարողանանք միասին ստեղծել, երբ ես ձեզ կընդունեմ կառավարությունում եւ կքննարկենք ձեզ մտահոգող հարցերը»:
Դեկտեմբեր 11, 2012 at 17:56
