Նախաձեռնությունները կրկին բարձրաձայնում են Բնապահպանության նախարարին պատասխանատվության կանչելու պահանջը

Նախաձեռնությունները կրկին բարձրաձայնում են Բնապահպանության նախարարին պատասխանատվության կանչելու պահանջը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ  նախարարության այլ պաշտոնյանների քրեական պատասխանատվության կանչելու մասին  «Կանաչ» քաղաքացիական նախաձեռությունների պահանջը մնացել է անարձագանք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Թեղուտի պաշտպանության», «Թռչկան», «Խոսրովի արգելոց» եւ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունները տարածել էին հայտարարություն, որում, մի շարք հիմնավորումներ բերելով,  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանիցց պահանջում էին ՀՀ բնապահպանության նախարարին եւ նախարարության այլ պաշտոնյանների քրեական պատասխանատվության կանչել: Նույն դիմումը ակտիվիստները նոյեմբերի 5-ին ուղղել են նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատճառներից մեկը, ըստ նախաձեռնությունների, այն էր, որ ՀՀ բնապահպանության նախարարության «փորձագետները» դրական եզրակացություններ են տալիս այնպիսի հրեշավոր ծրագրերի, որոնք ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրության պահանջները, այլև Հայաստանի համար առաջացնում են ազգային անվտանգության խնդիրներ:

«Թեղուտի պաշտպանության», «Թռչկան», «Խոսրովի արգելոց» եւ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունները դեկտեմբերի 18-ին կրկին հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությանն ու Ձեր աշխատակազմին, ինչպես նաև դատախազությանը, բացարձակապես չեն հետաքրքրում մեր կողմից բարձրացված հույժ կարևոր և առանցքային հարցերը, որոնք պետական մոտեցում և լուծում են պահանջում, այլ ոչ թե՝ անտարբերություն:

…Մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա ու անհավասար բախշմամբ շահագործվի, և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի: Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ մշտակայուն տնտեսական զարգացում` ռեսուրսների ողջամիտ ու խնայող օգտագործմամբ ու այլընտրանքային ոլորտների խթանմամբ: Ակնկալում ենք գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ և զգացմունքային ու հրապարակային երկարաշունչ ելույթներ:

Այսպիսով, կրկին դիմում ենք  ՀՀ վարչապետին և դատախազությանը` առաջարկելով արձագանքել մեր նախաձեռնությունների կողմից 05.11.2012թ. իրենց ուղղված մեր բողոքին և դրան կից ներկայացված տեղեկանք-հիմնավորմանը և առաջնահերթ լուծել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին պատասխանատվության կանչելու և նրա՝ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցերը:

Գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինի պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը, շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը` ի հաշիվ բնության:

Այսպիսով, ակնկալում ենք, սեղմ ժամկետում ստանալ պաշտոնական գրավոր արձագանք, ինչպես նաև՝ գործողությունների հստակ և տեսանելի արդյունքներ»:

Դեկտեմբեր 18, 2012 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր