Բնապահպանության նախարարը` ձեռքբերումների եւ մի փոքր էլ բացթողումների մասին

Բնապահպանության նախարարը` ձեռքբերումների եւ մի փոքր էլ բացթողումների մասին

ԷկոԼուր

2012թ. գլխավոր ձեռքբերումը բնապահպանության ոլորտում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը համարում է  «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը, բնության հուշարձանների անձնագրավորումը, հատկապես Թռչկան ջրվեժինը, եւ  ժամկետնանց ու տոքսիկ թունաքիմիկատների, կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման համար լայնամասշտաբ ծրագրերի մեկնարկը:  «Մենք այս տարի պետական բյուջեով սահմանված 10 միլիոն դրամի շրջանակներում 24 բնության հուշարձանների անձնագրավորման աշխատանքներ ենք իրականացրել»,- նշեց նախարարը: Բացթողումների մասին խոսելով` նախարարն ասաց. «Ես կցանկանայի, որպեսզի մենք մաքրման աշխատանքները կատարեինք ոչ թե 110 հեկտարի շրջանակներում, այլ դա լիներ 250: …Մենք ունեինք այդ ֆինանսական միջոցները, սակայն չհասցրեցինք… եւ ուզում եմ հավելել, որ ձմռան ընթացքում մաքրման աշխատանքները չեն դադարեցվելու»:

2013թ-ին նախարարությունը մտադիր է շարունակել թունաքիմիկատների ուսումնասիրման աշխատանքները: «Մեր գործընկեր կառույցը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակն է, եւ մեր գերակա խնդիրներից է, որ մենք նախապատրաստական փուլը ավարտենք 3-4 ամիսների ընթացքում եւ անցնենք գործնական փուլին, որի ֆինանսավորումն ունենք, դա Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն է, որի միջոցով կարողանանք ապահովել թունաքիմիկատների ոչնչացման, կամ տեղափոխման, կամ պահպանման խնդիրը», -ասաց նախարարը: 2013թ-ին Արարատյան դաշտավայրում իրականացվելու են հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ: «Վերջին 20 տարում  հիդրոերկրաբանական աշխատանքներ չի իրականացվել, եւ մենք ուզում ենք եկող տարի անպայման իրականացնել, որպեսզի կարողանանք մեր պաշարների խնդիրը լուծել»,- նշեց Արամ Հարությունյանը:

 

Որպես ամփոփում Արամ Հարությունյանը շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին եւ ասաց. «Բոլոր մեր թերությունները, բոլոր մեր անհաջողությունները, բոլոր վատ մտքերը, վատ նախաձեռնությունները թող մնան 2012-ի մեջ, 2013-ը լինի բնապահպանական տարի, լինի հաջողությունների տարի, լինի նոր ծրագրերի տարի, նոր տարածքների ստեղծման տարի, եւ նոր համագործակցության եւ նոր հարաբերությունների: … Ես անկեղծ եմ ասում, չկա մի դեպք, որ ես իմ չափերից, իմ սահմաններից դուրս գամ, միշտ համբերատար եմ, միշտ լսում եմ, թեկուզ սխալ, բայց լսում եմ մինչեւ վերջ եւ փորձում եմ լուծումները տալ:… Ամենակարեւորը, մենք մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք հանդուրժող, հավատանք, որ այն հարցերը, որ բարձրացվում է, դա բարձրացվում է մի պարզ պատճառով, առաջին հերթին որպեսզի հարցի լուծումը տեսնենք, որպեսզի այդպիսի սխալներ թույլ չտրվի, որպեսզի ավելի զգոն լինենք եւ կարողանանք մեր երկիրը ճիշտ ճանապարհով տանել…»:



Դեկտեմբեր 26, 2012 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր