

ԷկոԼուր
Հնարավոր է` Սեւանա լիճը վերածվի մեծ ձկնաբուծարանի: Արդեն իսկ Սեւանա լճում գործում է մի ձկնաբուծարանը, որը «Էմի Ֆրութ» ընկերությանն է: Սակայն լճում նոր ձկնաբուծարաններ ստեղծելու միտումը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դրական է համարում: «Եթե այս փորձն աշխատի, արդարեցնի իրեն, շատ ավելի լավ կլինի, որ այդպիսի փոքրիկ մանրաձկի արտադրման ֆերմաներ լինեն Սեւանի ավազանում 2 պարզ պատճառով` ոչ միայն մանրաձուկ աճեցնելու, այլեւ ընդհանրապես ձուկ աճեցնելու, որը կաճի Սեւանա լճում, որը մեզ հնարավորություն կտա մանրաձկի համալրման աշխատանքներն իրականացնել եւ նաեւ ձկան իրացում իրականացնել, որպեսզի Սեւանա լճից ձկնգողության երեւույթները պակասեն»,- 2012-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ «ԷկոԼուր»-ի հարցին պատասխանեց նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ «Էմի Ֆրութ» ընկերության պիլոտային ծրագրի համաձայն ձկնաբուծարանը պետք է գտնվեր Դրախտիկ համայնքի մոտ, սակայն 4 ցանցավանդակները, որոնցում աճեցվելու էին գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկները, տեղադրվեցին Շորժայի լողափի մոտ: 2012թ. մայիսի 10-ին այս նախագծի վերաբերյալ «Սեւան» ազգային պարկումտեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի հիմնադիր Հրայր Մելքոնյանը եւ ծրագրի համակարգող Էդգար Գեւորգյանը նշեցին, որ հունիսից մինչեւ նոյեմբեր ամիսը 20-40 գրամանոց 80 000 մանրաձուկ է աճեցվելու ցանցավանդակներում, որոնց քաշը աճելու է մինչեւ 250-300 գրամ: Պետության հետ ընկերության համագործակցության արդյունքում աճեցված ձկների մի մասը բաց է թողնվելու Սեւանա լիճ, ինչպես նաեւ վաճառքի դեպքում որոշակի գումար վճարվելու է պետբյուջե: Ի պատասխան «ԷկոԼուր»-ի հարցին, թե արդյոք ձկները բաց են թողնվել Սեւանա լիճ, նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց. «Բաց չի թողնվել, որովհետեւ անհրաժեշտ պաշարներ չկան»:
Չի կատարվել նաեւ գլխավոր պայմանը` գիտական հիմնավորումն այն մասին, թե արդյոք Սեւանի ջուրը աղտոտվում արհեստական կերի մեջ առկա ազոտից ու ֆոսֆորից, որի հաշվին մանրաձկները մի քանի ամսում 40 գրամից պիտի հասնեին 250 գրամի:
Հունվար 11, 2013 at 15:52
