Գլխավոր դատախազությունը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել

Գլխավոր դատախազությունը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել

ԷկոԼուր

«Նախարարի գործողություններում հանցագործողության հատկանիշներ չեն հայտնաբերվել եւ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան»,- ասված է Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ա. Բադալյանի նամակում: Նամակն ուղղված է Աննա Շահնազարյանի անունով, ով «Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց» եւ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռությունների անունից Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ նախարարության այլ պաշտոնյաններին իրենց անգործության և շրջակա միջավայրի ոլորտում չարաշահումների համար  քրեական պատասխանատվության կանչելու  մասին հայտարարություն էր  փոխանցել դատախազություն: Հայտարարության մեջ բերված են մի քանի օրինակներ, որոնց դատախազ Բադալյանը մասնավորապես պատասխանում է.

  1. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության դեպքի մասին. «ՀՀ բնապահպանության նախարարի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի հրամաններով աշխատանքից ազատվել են կազմակերպության տնօրենը եւ Գառնիի տեղամասի պետը, իսկ ՊՈԱԿ-ի պահպանության  մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի»:
  2. «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ. «ՀՀ բնապահպանության նախարարը էկոլոգիական նոր գործոնների (հատման ենթակա ծառեր եւայլն) ի հայտ գալու հիմքով 2012թ. օգոստոսի 23-ի 277-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության 2012թ. օգոստոսի 23-ի ԲՓ-70 փորձագիտական եզրակացությունը, եւ ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքները դադարեցվել են: Ինչ վերաբերում է ՓՀԷԿ-ի կառուցապատման ընթացքում կատարված ծառահատումներին, ապա ՀՀ բնապահպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պետությանը պատճառված վնասը հաշվարկելու  եւ վերականգնելու ուղղությամբ»:
  3. Ջերմուկի կողքին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի հարեւանությամբ ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման ծրագրի վերաբերյալ. «Ամուլսարի ոսկու հանքաքարի շահագործման հարցադրումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սեւանա լճի ավազանում գտնվող, Ջերմուկ քաղաքին հարակից Ամուլսարի ոսկու հանքաքարի շահագործման նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն, քանի որ հաշվի են առնվել ինչպես Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունում նշված մոտեցումները, այնպես էլ «Թռչկան» եւ մյուս քաղաքացիական նախաձեռնողների կարծիքները, որոնք քննարկվել են հասարակական լսումների մասնակիցների կողմից եւ ներկայացված առաջարկություններով (Սեւանա լճի ջրահավաք ավազանի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ճառագայթային անվտանգության, ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի հնարավոր առկայության, ինչպես նաեւ կարեւորելով բնապահպանական փորձաքննության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը) հավանության են արժանացել»:
  4. Նուբարաշենի թունաքիմիկատների  գերեզմանոցի չեզոքացման հարցում չարաշահումների եւ «Նաիրշին» ԲԲԸ-ի գործողությունների մասին, որի բաժնետոմսերը պատկանում են նախարարին, հարցը «…քննարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Նախարարի գործողություններում հանցագործողության հատկանիշներ չեն հայտնաբերվելեւ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան»:

Հունվար 11, 2013 at 17:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր