

ԷկոԼուր
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին խոսեց բնապահպանական հասարակության կողմից իր հրաժարականի վերաբերյալ պահանջի մասին: «Բնականաբար, մենք բնապահպանական կառույցների, հանրային հատվածի, ակտիվիստների հետ, ինչպես դուք գիտեք, մշտական համագործակցության, քննարկումների մեջ ենք: Կաշկանդված չենք, ցանկացած հարցի շուրջ հանդիպում ենք, քննարկում ենք, բնականաբար, նաեւ, ցավոք սրտի լինում են դեպքեր, երբ որ անհարկի խնդիրն ավելի ուռճացվում է: Բայց մենք դրանից չենք կաշկանդվում, մենք միանշանակ աշխատանքային ռեժիմի մեջ ենք, տալիս ենք բացատրություններ, թեկուզ սուր հարցերի պարագայում մենք կարողանում ենք քննարկումներն իրականացնել:
Հրաժարականի հետ կապված նաեւ հարց բարձրացրեցին: Բնականաբար, դա իրենց իրավունքն է, ուղղակի ես ձեզ ուզում եմ որպես ամփոփում ասել, որ մեր նախարարությունում շատ լավ թիմ կա, ունենք նաեւ գիտությունների դոկտորներ եւ լավ մասնագետներ, եւ մեր նախարարության թիմը նախարարի գլխավորությամբ, պատրաստ է իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ կարգավորելու»,- ասաց Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքի 48 կազմակերպություններ իրենց անվստահությունն են հայտնել եւ պահանջել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականն այն բանից հետո, երբ բացահայտվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի դեպքը: Իրենց հերթին «Կանաչ» քաղաքացիական նախաձեռությունները` «Փրկենք Թեղուտը», «Թռչկան»-ը, «Խոսրովի արգելոց»-ը եւ «Ջերմուկը հանք չի դառնա»-ն, դիմեցին ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ նախարարության այլ պաշտոնյանների քրեական պատասխանատվության կանչել իրենց անգործության և չարաշահումների համար:
Հունվար 11, 2013 at 17:26
