

ԷկոԼուր
Դալմայի այգիների հողոգտագործողները հունվարի 18-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հերթական բողոքի ակցիան իրականացրեցին: Սա նրանց 2013 թվականի թվով 2-րդ բողոքի ակցիան էր: Առաջինը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Հողօգտագործողները պահանջում են Դալմայի հողատարածքներում 20 տարուց ավելի իրենց տիրապետած եւ իրենցից ապօրինաբար խլած հողերի արդարացի փոխհատուցումը: Հաշվի առնելով Հայաստանում մեկնարկող նախընտրական գործընթացները` Դալմայի հողօգտագործողներն ավելի հաճախակի են ակցիաներ իրականացնելու: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը: «Դեռեւս նախորդ քաղաքապետի` Կարեն Կարապետյանի կողմից հայտարարվեց, որ Դալմայի հողօգտագործողներից դիմում ներկայացրած 150 անձանցից չկարգավորված է մնացել 48-ի հարցը: Ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք կարգավորվեց եւս 20-ից ավելի անձանց հարցը, սակայն մնացածն առ այսօր տարվա բոլոր եղանակներին գալիս են նախագահի նստավայր` վերջինիցս` որպես մեր երկրում արդարադատության երաշխավոր, պահանջելու արդարացի կերպով լուծել իրենց փոխհատուցման հարցը»,- ցավով ասաց Ռուզաննա Ղազարյանը:
Հունվար 18, 2013 at 13:17
