

ԷկոԼուր
Այսօր` հունվարի 21-ին, Հայաստանում մեկնարկեց ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը: Եւ անմիջապես նախագահի թեկնածուներից մեկը` «կանաչ» շարժման ներկայացուցիչ եւ Մաշտոցի այգում «ապամոնտաժողների» խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Բողոքի ակցիան իրականացվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ոչ հեռու: Պատճառների մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Անդրեաս Ղուկասյանն ասաց. «Մաշտոցի պուրակի պայքարից հետո բավականին մեծ դիսկուս բացվեց քաղաքացիական շրջանակներում` ինչ անել: Կային առաջարկներ` ստեղծել ինչ-որ մշտական գործող մի կառույց, որը միշտ տարբեր տեղերում փորձի պաշտպանել քաղաքաշինական, էկոլոգիայի ոլորտում քաղաքացիների ու հանրության իրավունքները: Եւ այդ ուղղությամբ ինչ-որ բաներ արվեցին: Մյուս տեսակետն էլ կար, որ ինչքան էլ պայքարես հիվանդության հետեւանքների հետ, եթե հիվանդության պատճառը չես բուժում, ապա ամբողջ կյանք դատապարտված կլինես մի տեղից մյուս տեղ պայքարելով անցնել, բայց երբեք չես հասնի արդյունքի: Այդ երկու տեսակետը պաշտպանելու ուղղությամբ բավականին երկար իրար հետ հակադրված կողմերը բանակցում էին, դիսկուս էին անում, բայց արդյունքում պարզ դարձավ, որ երկուսն էլ ճիշտ էին, որ անհրաժեշտ է եւ ունենալ կառույց, որը կզբաղվի էկոլոգիայի պաշտպանությամբ, եւ անհրաժեշտ է միաժամանակ մտնել քաղաքականություն, եւ այս բոլոր խնդիրները քաղաքական հարթակից փորձել ներկայացնել: Այսպես եկավ այսօրվա դրությունը»:
ԷկոԼուր. «Ձեր բողոքի ակցիան նախընտրական քարոզարշավի մի մա՞սն է»:
Անդրեաս Ղուկասյան. «Պայքարի եւ քարոզարշավի մեջ կա էական տարբերություն: Քարոզարշավը ենթադրում է, որ հանրությունում կան ընտրողներ: Ընտրողներն ովքեր են, դա այն քաղաքացիներն են, ովքեր ունեն ազատ ընտրելու իրավունք: Եւ իմաստ ունի, որ քաղաքական գործիչը քարոզարշավի համար նախատեսված ժամանակվա ընթացքում ներկայացնի հանրությանն իր ծրագիրը, իր թիմը եւ այլն, որպեսզի հասնի որեւէ արդյունքի: Մարդիկ հասկանան` ինչ քաղաքական ապագա են իրենք ընտրում: Բայց այն հանրության մեջ, որտեղ որ կա մի հարկադրող մեքենա, որը հարկադրում է մարդկանց ինչպես քվեարկել, ազատ ընտրություններ չեն կարող լինել, եւ քաղաքացիներն ընտրողներ չեն հանդիսանում որպես այդպիսին: Ընտրությունները չեն հանդիսանում ընտրություններ, որովհետեւ եթե ընտրությունները ազատ չեն, ապա իրենք իսկական չեն: Ընտրություններն ազատ են այն դեպքում, երբ ազատ են: Բառի բուն իմաստով ընտրությունը ենթադրում է ազատ մի վիճակ, երբ որ մարդը որոշում է այսպես կամ այնպես: Իսկ երբ որ չկա ընտրություն որպես այդպիսին, ապա եւ սա այլ քաղաքական դրություն է: Ուստի անհրաժեշտություն էր, քաղաքաիրավական տրամաբանությունը թելադրում էր, պահանջ բերել, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը պետք է դուրս բերվի ընտրապայքարից»:
ԷկոԼուր. «Ի՞նչ բնապահպանական խնդիրներ են առաջնահերթ լուծման կարիք զգում»:
Անդրեաս Ղուկասյան. «Ես ներկայացրել եմ իմ ծրագրի մեջ դեկտեմբերին այն հատվածը, որը տնտեսական ոլորտին է վերաբերում, եւ հիմնական սկզբունքն եմ համարում, որ մեր երկրի ընդերքը, ինչպես եւ բնությունը պատկանում է ոչ միայն այսօրվա ապրող սերունդներին, այլ նաեւ պատկանում է ապագա սերունդներին: Եւ մենք բարոյական իրավունք չունենք թողնել մեզանից հետո ապաստան: Այդպիսի բան կարող են անել միայն վայրենի, բարոյականություն չունեցող մարդիկ: Ուստի, տնտեսական իմաստով անհրաժեշտ է, որ այն ամենը, ինչ-որ մենք հանում ենք ընդերքից, նույն չափով ավելանա մեր երկրի ոսկու պաշարը եւ մեր երկրի ընդերքը` այդ արժեքը, երբեք դուրս չգա մեր պետության սահմաններից դուրս: Սա գտնում եմ, որ կարեւոր սկզբունք է, որը կարող է թելադրել ճիշտ չափանիշներ բնապահպանության եւ հանքարդյունաբերության միջեւ: Մեզ հասկանալի է դառնալու, թե ինչքան է անհրաժեշտ ընդերքից որեւէ բան հանել, որպեսզի այն ներդաշնակ լինի եւ բնության հետ, եւ տնտեսական անհրաժեշտության հետ: Այսօր գիտենք, որ ուրիշ ընտրություն է, որը որ ընդունելի չէ ոչ մեկիս համար որեւէ կերպ»:
Հունվար 21, 2013 at 17:03
