

ԷկոԼուր
Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոստացավ պաշտպանել Նորքի 7-րդ Մասիվի բնակիչների շահերը: Այս մասին պատգամավորը հայտնեց հունվարի 24-ին` 7-րդ Մասիվում տեղի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ: Դեռ 70-ական թվականներից մարդիկ այդ տարածքը մաքրել են, կանաչապատել, կառուցել բնակարաններ եւ բազմիցս դիմել են քաղաքապետարան` խնդրելով թույլ տալ սեփականացնել տարածքները: Սակայն, տեղի բնակչուհի Նառա Եսայանի խոսքերով, Երեւանի քաղաքապետարանը տարբեր պատճառաբանություններով մերժել է իրենց` մեկ ասելով, որ այդ հողատարածքներն անտառտնտեսությանն են, կամ էլ գյուղատնտեսության նախարարությանը: Մինչդեռ 2012թ. օգոստոսին բնակիչներին են այցելել «Ագրոհոլդինգ» ընկերության ներկայացուցիչները եւ ասել, որ ընկերությունն է այդ տարածքների սեփականատերը, եւ որ բնակիչները պետք է ազատեն տարածքը: Խնդրին տեղեկանալով`պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց. «Ես շատ հպանցիկ ծանոթ լինելով, կարող եմ ասել, որ այստեղ խոսք չի գնում պետական հանրային շահի, կամ գերակայության մասին: Հետեւաբար, մեր քաղաքացիների շահերը եւ նրանց օրինական իրավունքներն առաջնահերթ են: Ես` որպես Ազգային ժողովի պատգամավոր, իմ բոլոր հնարավորություններով կանգնած եմ լինելու քաղաքացիների շահերի պաշտպանության դիրքերում»:
Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց բնակիչների փաստաբան Արմինե Հարությունյանը, «Ագրոհոլդինգ» ընկերությանը քաղաքապետարանը հատկացրել է 2.8 հա տարածք: Ընկերությունը դիմել է Ավան Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի տարածքից վտարի 12 ընտանիքներին եւ ապամոնտաժի տները`քարի մշակման գործարան կառուցելու համար: Դատական առաջին նիստը չի կայացել, երկրորդ նիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 14:00-ին: Իրենց հերթին բնակիչները դիմել են ՀՀ վարչական դատարան` դատական կարգով վիճարկելու Երեւանի քաղաքապետարանի որոշումները:
Նառա Եսայանը «ԷկոԼուրին հայտնեց. «Մենք կադաստարային կենտրոնից պատասխան ենք ստացել, որ «Ագրոհոլդինգ»-ը առ այսօր ենթակա է վճարման 4,3 հեկտարի համար: Այսինքն, դա կազմում է 192 միլիոն դրամ»: Նշենք, որ «Ագրոհոլդինգ» ընկերության ներկայացուցիչները ներկա չէին բողոքի ակցիային: Բնակիչների բողոքները լսելու էին եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ովքեր ծանոթացան խնդրին եւ իրենց կոնտակտները փոխանցեցին բնակիչներին:
Հունվար 24, 2013 at 20:06














