ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է

ԷկոԼուր

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրան են այցելել շտապ օգնության աշխատակիցները: Հիմա նա պառկած է շարունակում հացադուլը:

Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանը հացադուլը սկսել է հունվարի 21-ից` ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը: Նա այն բացառիկ թեկնածուներից է, ով իրեն հասանելիք քարոզարշավի անվճար եթերաժամանակը տրամադրել է քաղաքացիներին` արտահայտվելու համար:

Ներկայացնում ենք քաղաքացիների տեսանյութերը, որոնք հեռարձակվել Անդրեաս Ղուկասյանի քարոզարշավի համար տրամադրված եթերաժամին: Ներկայացնում ենք նաեւ Անդրեաս Ղուկասյանի նախընտրական ծրագրից մի հատված, թե ինչ է անհրաժեշտ ազգային հարստության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու համար:

«Ազգային հարստության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է.

-իրականացնել հանրային հսկողություն Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության նկատմամբ,

-պետությանը վերադարձնել Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն ճանապարհով կուտակված անօրինական հարստությունը,

-վերանայել երկրի բնական ռեսուրսների, ստրատեգիական ենթակառուցվածքների համակարգերի և օբյեկտների օգտագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք կնքել է քրեական օլիգարխիան հանուն Երրորդ Հանրապետության,

-հետաքննել Հայաստանի արտաքին պարտքի ձևավորման և միջազգային վարկատուներից ստացված վարկային ռեսուրսների նպատակային օգտագործման հանգամանքները:

Այս գործընթացն իրականացնելու համար Նախագահը պարտավոր է հաստատել լիազորություններ և աշխատակարգ հատուկ հանձնաժողովների համար, որոնց կազմում մեծամասնություն են կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Քաղաքացիական հասարակությունը պետք է հրավիրի բաց խորհրդաժողով և ինքնուրույն որոշի այդ հանձնաժողովներում իր ներկայացուցիչների առաջադրման, ընտրման և հետ կանչման ժողովրդավարական մեխանիզմները: Հատուկ հանձնաժողովների գործունեությունը պետք է բաց լինի հանրության առջև»:



Փետրվար 06, 2013 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր