

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է «ԷկոԼուր»-ի նամակին` կապված Սեւանա լճի հիմնախնդիրների հետ: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին նամակ էր ուղարկել` մատնացույց անելով Սեւանա լճի պահպանումը կարգավորող օրենքների խախտումները:
Պատասխան նամակում ասված է. «… Կետ 1. Սևանա լճի հիմնախնդիրներին առնչվող հարցերում ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ղեկավարվում է 2001թ. մայիսի 15-ին և 2001թ. դեկտեմբերի 14-ին ընդունված «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներով, ինչպես նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերով»:
Բայց բանն այն է, որ հենց այդ օրենքներն են խախտվում:
2-րդ կետում նախարարությունը գրում է. «...Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակման ժամանակ Սևանա լիճը ջրային բաղադրիչով կդիտարկվի որպես խմելու ջրի ռազմավարական պոտենցիալ պաշար»:
Սեւանը միշտ դիտարկվել է որպես խմելու ջրի պոտենցիալ պաշար, սակայն այդ պաշարի պահպանմանն ուղղված միջոցառումներ չեն ձեռնարկվում:
3-րդ կետում նախարարությունը գրում է. «ՀՀ ԳԱԱ ԿՀԷԴԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից իրականացված ուսումնասիրությունների հաշվետվություններում (2011, 2012թթ.) նշվում է, որ Սևանա լճում ձևավորվում են գեղարքունի և ամառային բախտակ ձկնատեսակների պոպուլյացիաները և գեղարքունու 3+ 4+ և 5+ տարեկան ձկների մեծ մասն արդեն պատրաստ է վերարտադրության…»:
Բայց ինչպես հայտարարում են իրենք` մասնագետները, ձկները ոչ մի տեղ չեն ձվադրում, քանի որ գետերը, որտեղ ձուկը գնում է ձվադրման, զբաղվեցած են փոքր ՀԷԿ-երով, որոնք կառուցվել են «Սեւանա լճի մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների խախտումներով: Փոքր ՀԷԿ-երի պահով նախարարությունը պատասխանում է նաեւ 7-րդ կետով, որ «Փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրման և ժամկետների երկարաձգման գործընթացը ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթների շրջանակում չէ։ Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով տրվող ջրօգտագործման թույլտվություններին, ապա այդ հարցերը քննարկվում են Ջրի ազգային խորհրդում, որտեղ կայացվում է համապատասխան որոշում»:
Միայն հիշեցնենք, որ թեկուզ միայն Սեւանի համար նախարարությունը պետք է հիշեր, որ լիճը եւ նրա ջրահավաք ավազանը գտնվում են Բնապահպանության նախարարության անմիջական ենթակայության տակ:
4-րդ կետով նախարարությունը պատասխանել է. «Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքի պահանջների՝ 2013թ. սկզբին լճի մակարդակի բարձրացման տեմպերի թիրախային հաշվարկային ցուցանիշը պետք է կազմեր 2.4մ (տարեկան 21.6սմ): 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.10մ, ինչը 2001թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1896.46մ) 3.6մ-ով ավելի է և փաստացի 1.2մ-ով գերազանցել է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման հաշվարկային ցուցանիշը»:
Նախարարությունը խորամանկում է, որովհետեւ օրենքն ասում է դրական հաշվեկշռի մասին, որը 2012թ-ին խախտվել է: Եթե համեմատենք ոչ թե 2001 թվականի, այլ 2012 թվականի հետ, ապա հաշվեկշիռը բացասական է:
Փետրվար 07, 2013 at 15:08
