

ԷկոԼուր
Դեռ 2009թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ Սեւանա լճի համար ասաց. «Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»: Թե այս տարիների ընթացքում ինչպես ենք վերադարձրել Սեւանի պարտքը, «էկոԼուր»-ը փորձեց ճշտել Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Համբարձում Համբարձումյանից:
«Ես լավ հիշում եմ, որ նախագահը նման հայտարարություն արեց, որ մենք Սևանից վերցրել ենք անընդհատ, ոչինչ չենք վերադարձրել, պետք է պարտքը վերադարձնենք: Ինձ շատ ուրախացրեց այդ այտաhայտությունը: Ես` անձամբ, ապրելով այստեղ, աշխատելով` տեսնում եմ, որ բավականին գործեր են կատարվում, որոնց արդյունքները միանգամից չեն երևում: Այսօր երևում է, որ լճի ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 2 մ 50սմ: Կարող են երևալ այն աշխատանքները, որ կատարվում են ափերի մաքրման հետ կապված: Շատ տեղերում և գործ ընդունողները, և պատվիրատուները ինչ-որ տեղ դժգոհ են կատարված աշխատանքների որակից, բայց ծավալային առումով ես` անձամբ, միշտ տեսել եմ, որ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում ջրամատակարարման-ջրահեռացման գործում: Կարծեմ` 15.5 մլն եվրոյի արժողությամբ է: Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան և Ջերմուկ քաղաքների ջրամատակարարման-ջրահեռացման աշխատանքներ են կատարվում, որոնց մեծ մասն արդեն կատարվել, վերջացվել են: Առայժմ, ինչքան գիտեմ, չեն գործում այդ մաքրման կայանները, ինչ-որ տեխնիկական հարցեր կան, բայց շատ շուտով կգործեն, և մենք այդ տարբերությունները, անշուշտ, կտեսնենք»:
«ԷկոԼուր». «Իսկ ձկնապաշարների վերականգման առումով ի՞նչ արդյունքներ ունենք»:
«Ձկնապաշարների վերականգման առումով ես ևս իմ որոշակի կարծիքն ունեմ, որ նորից տարբերվում է շատ մասնագետների կարծիքներից: Իրոք, կատարվում են վերականգման, պաշարների համալրման, լրացման աշխատանքներ: Ամեն տարի, այս տարի ևս, վերջերս կարծեմ 366 հազար իշխանի մանրաձուկ բաց թողնվեց լիճ` մոտ 60 մլն դրամի: Վերջին տարիներին, իրոք որ, ես որպես մասնակից կարող եմ վկայել, որ շատ ավելի պարտաճանաչ կերպով: Ումից որ վերցնում են ձուկը, մի հետաքրքիր անձնավորություն էր: Երբ գնված պաշարն ամբողջությամբ լցնում են մեքենաները, ինքն ամեն անգամ իր կողմից որոշակի քանակությամբ` ասենք 5կգ, 3 կգ, որը մի քանի հազար մանրաձուկ է անում, իր կողմից նվեր է անում Սևանին: Այսինքն` գնված քանակությունն ամբողջությամբ լիճ են բաց թողնվում: Այլ հարց է, որ մասում են բաց թողնում, որտեղ իրեն շատ լավ կզգա այդ մանրաձուկը, շուտ կադապտացվի միջավայրի հետ, ինչքան կենսունակությունը կապահովի, ինչքանը կաճի, կմեծանա: Դրանք այլ հարցեր են: Այլ հարց է բաց թողնվածից հետո պահպանության հարցը: Ինձ թվում է, եթե մենք կազմակերպում ենք այս լրացման աշխատանքները` մանրաձուկ բաց թողնելով, նույն պարշաճ կերպով պետք է կազմակերպենք ձկների պահպանությունը լճում»,- ասաց Համբարձում Համբարձումյանը:
Փետրվար 08, 2013 at 12:50
