

ԷկոԼուր
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր վերահսկողության տակ է վերցրել Սյունիքի մարզի Լիճք համայնքի ասբեստե ջրի խողովակաշարի հարցը: Այս մասին նշված է “ԷկոԼուր”-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նամակում: “ԷկոԼուր”-ը խնդիրը բարձրացրել էր 2012թ. (տես “ԷկոԼուր”-ի նյութը՝ http://ecolur.org/hy/news/sos/where-is-litchq-village-and-where-is-basel-convention/4369/): “Սյունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների ջրամատակարարման և ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը բաղկացած է «ասբեստ» տեսակի նյութից պատրաստված խողովակներից, ինչը սպառնում է համայնքի բնակիչների առողջության անվտանգությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին: Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռևս 2012 թվականին, երբ տարածվել էր զանգավածային լրատվամիջոցներում:
Բանն այն է, որ Բազելի կոնվենցիայի համաձայն, որն ի դեպ 1999թ. վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, ասբեստը համարվում է թունավոր թափոն և կարող է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:
Տարածված տեղեկատվության վրա հիմնելով` Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր Լիճք համայնքի բնակիչների առողջության անվտանգության սպառնալիքի վերաբերյալ խնդրի քննարկումը և խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մի շարք գրություններ էր ուղղարկել Սյունիքի մարզպետարան, Բնապահպանության, Առողջապահության նախարարություններ և Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը, Սյունիքի մարզպետը նշել էր, որ Սյունիքի մարզի Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի մի հատվածը իսկապես ասբոցեմենտյա է:
Միաժամանակ մարզպետը հայտնել էր, որ Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի ասբոցեմենտյա հատվածի փոփոխման նպատակով ընթացիկ տարում արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների գերակշռող մասը, և կապված բնակլիմայական պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև 2013 թվականի հունիս ամիս: Ընդ որում, նշված խողովակաշարով ջուր կմատակարարվի համայնքի բնակչությանը ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար, որի շնորհիվ իսպառ կդադարեցվի ասբոցեմենտյա խողովակաշարով ջրամատակարարումը:
Մտահոգված լինելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներով, ինչպես նաև մարդու`առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի անարգել իրականացմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս դեպքում ևս ուշադրության կենտրոնում է պահելու խնդիրը և հետևողական լինելու դրա լուծմանը”,- նշված է նամակում:
Փետրվար 25, 2013 at 18:25
