Դասադուլավոր երիտասարդները մտադիր են Ազատության հրապարակում բաց համալսարան հիմնել

Դասադուլավոր երիտասարդները մտադիր են Ազատության հրապարակում բաց համալսարան հիմնել

ԷկոԼուր

Դասադուլավոր երիտասարդները մտադիր են Ազատության հրապարակում բաց համալսարան հիմնել` յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն ընձեռելով անվճար կրթություն ստանալ: «Նախորդ շաբաթվա դասադուլը լույս սփռեց կրթական ոլորտում տիրող բազում արատավոր երևույթների վրա: Ուսանողները կողպվում էին ԲՈՒՀ-երում, համալսարանների ադմինիստրացիան վիրավորական արտահայտություններ էր տարածում ուսանողության նկատմամբ, ճնշումներ էին գործադրվում ուսանողների վրա, ուսանողական խորհրդի բազում անդամներ կատարում էին հրահանգներ և խոչընդոտում էին ուսանողի ազատ տեղաշարժի իրավունքը: Ուստի, նպատակ հետապնդելով ստեղծել այնպիսի համալսարան, որտեղ կբացակայեն վերը նշված անօրինությունները, ինչպես նաև կոռուպցիան, համահայաստանյան երիտասարդական-ուսանողական շարժման ներկայացուցիչները որոշել են ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ հիմնել ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն կընձեռվի անվճար կրթություն ստանալ: Մենք կարևորում ենք ազատ և անկախ համալսարանի գործունեությունը, որտեղ ուսանողին չեն կալանավորի, չեն սպառնա, չեն նվաստացնի: Ուստի խնդրում ենք բոլոր այն դասախոսներին և այն մտավորականներին, ովքեր հանուն մեր երազանքի երկրի պատրաստ են դասախոսություններ ընթերցել այդ համալսարանում, միանան մեզ»,- Facebook սոցիալական ցանցում հայտարարում են դասադուլ հայտարարած ուսանողները:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից ՀՀ մի խումբ ուսանողներ հայտարարել են դասադուլ` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ: Դասադուլավորներն իրենց ակցիաները շարունակում են մինչ օրս: Սակայն դասադուլավորների կոչերը ԲՈՒՀ-ում միանշանակ չեն ընդունվում:

Մարտ 05, 2013 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր