

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ հանքավայրում եթե հայտնաբերվի հանքարդյունահանման պայմանագում չնշված նոր օգտակար հանածո, ապա ընդերքօգտագործողը պետք է 14 օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնի այդ մասին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ նշելով նոր հայտնաբերված օգտակար հանածոյի անվանումը, դրա պահուստավորման համար առաջարկվող տեղի, ժամկետի պայմանները: Հարց է մնում, թե արդյոք Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերություններն ազնվորեն պետությանը կներկայացնեն նոր հանածոների մասին տեղեկություններ: Հիշեցնենք, որ մշակված է «Ինքնակառավարման մասին» օրինագիծը, որի ընդունման դեպքում տեսչությունն ընդհանրապես ստուգում չի իրականացնի ընկերություններում, եւ ընկերությունները՝ իրենք, պետք է ներակայացնեն հաշվետվություններ իրենց գործունեության մասին:
Նշենք, որ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները արտահանում են թանկարժեք եւ գունավոր մետաղներ հումքի, խտանյութի, համաձուլվածքի տեսքով` դրանցում ցույց տալով մեկ կամ երկու տարր: Սակայն ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հետ երկրից դուրս է բերվում դրանց ուղեկցող մետաղներ եւ տարրեր, որոնց արժեքը միջազգային շուկաներում ավելի բարձր է: Օրինակ` Հայաստանից արտահանվում է մոլիբդեն եւ ֆերոմոլիբդեն պղնձամոլիբդենային կոնցենտրատից, որը ստանում են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից: Բացի այդ մետաղներից Քաջարանի հանքավայրը պարունակում է ռենիում, սելեն, տելուր, բիսմուտ, (http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1326990), որոնց արժեքը միջազգային շուկաներում գնահատվում է 1 գրամի համար տասնյակ հազար դոլլար անկախ մետաղի մաքրությունից:
Մարտ 06, 2013 at 16:56
