«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը կառավարության օրակարգում է

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը կառավարության օրակարգում է

ԷկոԼուր

Մարտի 7-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Նախագծի  հիմնական նպատակն է. «Իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը` տվյալ տարածական գոտու առանձնահատկություններից բխող հատուկ և լրացուցիչ պայմանների ամրագրման միջոցով»: Այս մասին նշված է հայեցակարգի հիմնավորման մեջ:

Ներկայացնում ենք հայեցակարգի անդրադարձը Երեւանի կանաչ գոտիներին եւ կանաչ ճարտարապետությանը.

«33.Հանրային օգտագործման կանաչ տարածքների պահպանության, բարելավման և  ընդարձակման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ Երևանի «Փոքր կենտրոնում» բացակայում են այդպիսի տարածքների ընդարձակման համար անհրաժեշտ հողային ռեզերվները, նախատեսվում է.

1)  Հատուկ կարգավորման գոտու սահմաններում և դրան հարող բուֆերային գոտիներում առանձնացնել մայրաքաղաքի բնական համալիրի պահպանման (պահպանվող լանդշաֆտի) ենթագոտիներ` վերջիններիս համար սահմանելով պահպանման և պլանավորման հատուկ ռեժիմներ.

2) Երևանի «Կենտրոն», «Դավիթաշեն», «Աջափնյակ» և «Արաբկիր» վարչական շրջանների տարածքներում գտնվող Հրազդանի կիրճի հանրային օգտագործման կանաչ գոտիները, ինչպես նաև այդ նպատակով ռեզերվացվող այլ տարածքներն ընդգրկել օրենսդրական կանոնակարգման ենթակա Հատուկ կարգավորման գոտու սահմաններում.

3) օրենքի նախագծով նախատեսել դրույթ ՀՀ կառավարության կողմից  ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տիպերի դասակարգման համակարգ[1] սահմանելու մասին` յուրաքանչյուր տիպի համար ամրագրելով կառուցապատման համապատասխան չափորոշիչներ.

4) սահմանել, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի պայմանագրերի ժամկետի երկարացում չի թույլատրվում, եթե վերջիններս չեն համապատասխանում այդպիսի տարածքների համար գոտիավորման նախագծով սահմանված կառուցապատման չափորոշիչներին.

5) ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում և այդ նպատակով ռեզերվացվող տարածքային հատվածներում կասեցնել կառուցապատման նպատակով նոր հողամասերի հատկացումներն ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` մինչև օրենքի նախագծի պահանջներին համապատասխան քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերի հաստատումը:

34. Կառուցապատման էկոլոգիամետ մոտեցումը, նախագծման և շինարարության մեջ «կանաչ» ճարտարապետության ու քաղաքաշինության սկզբունքների ներառումը, էնեգախնայող տեխնոլոգիաների ներդնումը ներկայումս ողջ աշխարհում գնահատվում է որպես արմատական հիմնախնդիր հանդիսացող ուղղություններից մեկը:

35.«Կանաչ» (կամ այսպես կոչված «կենդանի») տանիքներն ու կայանատեղիները, ինչպես նաև ուղղահայաց կանաչապատումը` լինելով բնության վրա առկա և աճող ծանրաբեռնվածությունը մեղմելու ազդեցիկ լծակներ, միաժամանակ կնպաստեն ճարտարապետա-գեղարվեստական մշակույթի նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստան:

 36.«Կանաչ» ճարտարապետության արմատավորումն ու խրախուսումը բավականաչափ արդիական է «Փոքր կենտրոնի» խիտ կառուցապատված միջավայրի համար, որտեղ գնահատելի է կանաչապատված յուրաքանչյուր տարածքային հատված: Այդ նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել.

1) փոխհատուցողական (կոմպենսացիոն) կանաչապատման միջոցառումների կիրառման սզբունքները.

2) շրջակա միջավայրի վրա կառուցապատման բացասական ազգեցությունները նվազեցնող` էկոլոգիապես մաքուր շինանյութեր, այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, էներգախնայող տեխնոլոգիաներ, ինչպես նաև «կանաչ» տանիքներ, կայանատեղեր ու պատեր կիրառող շենքերի կառուցումը խրախուսող (այդ թվում` տնտեսական լծակների օգտագործմամբ) միջոցառումները.

3) էկոլոգիամետ կառուցապատումը խրախուսող միջոցառումները կարող են ներառել, օրինակ` շինարարության թույլտվության տեղական տուրքի և/կամ շահագործման փաստագրման տեղական վճարի համապատասխան տոկոսով նվազեցումը` ըստ որոշակի չափորոշիչների»:

Մարտ 07, 2013 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր