

ԷկոԼուր
Ի պատասխան «ԷկոԼուր»-ի «Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արգելքն այդպես էլ չմտավ կառավարության առաջարկությունների փաթեթի մեջ» նյութին արձագանքեց ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը: Facebook սոցիալական ցանցում նա գրել է, որ դա ապատեղեկատվություն է, իսկ «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը թեպետ չի քննարկվել, բայց խորհրդարանի օրակարգում է եւ հղում արեց խորհրդարանի կայքի վրա: Ծանոթանալով խորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության հետ` «ԷկոԼուր»-ը պարզեց, որ օրինագիծը ներկայացվել է 20.06.2012թ., մտցվել է խորհրդարանի 10.09.2012թ. քառօրյայի օրակարգ: Այսինքն`օրինագիծը չի քննարկվել արդեն 7 ամիս: Այդ մասին, երեւում է, մոռացել է նաեւ կառավարությունը: 2013թ. փետրվարին Բնապահպանության նախարարությունն անցկացրեց Սեւանա լիճ թափվող Դարանակ գետի վրա «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի մասնագիտական կարծիքի հասարակական լսումներ:
Հիշեցնենք, որ «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» մեկ այլ օրինագիծ միանգամայն այլ ճակատագիր ունեցավ: Կառավարությունը 2012թ. հունիսի 14-ին հանդես եկավ առաջարկությամբ Սեւանա լճից աննախադեպ քանակությամբ ջուր բաց թողնելու մասին, իսկ արդեն հունիսի 22-ին ՀՀ ԱԺ-ն օրինագիծն անցկացրեց երկրորդ ընթերցմամբ:
Մարտ 13, 2013 at 15:17
