

ԷկոԼուր
«Լոքալ Դիվելոփեր» ՍՊԸ-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չի ընդունում Աբովյան 3 և 3/1 հասցեների սեփականատերերի մեղադրանքը: Աբովյան 3 և 3/1 հասցեների 7 սեփականատերերի հայցի հիման վրա դատական 2-րդ նիստը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Դատական նիստը վարում էր դատավոր Կարինե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հայցվորները դատարանից պահանջում են դադարեցնել Երևանի Աբովյան 3 (ԱՕԿՍ-ի շենք) և 3/1 հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքերի մոտ քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցվող բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Հայցվորներն ունեն Քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանները, որ շինարարությունն իրականացվում է ՀՀ գործող թվով երկու քաղաքաշինական նորմերի՝ հակահրդեհային և սեյսմիկ անվտանգության պարտադիր կանոնների խախտմամբ: Նշենք, որ պատասխանող կողմն ընդհանրապես չի ընդունում հայցապահանջը: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Ոչ մի նորմի խախտում չկա: Կան քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը»:
Հայցվոր կողմի փաստաբան Սամվել Դավթյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը տեսաձայնագրելու մասին, սակայն պատասախանող կողմի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը առարկեց, ինչի արդյունքում դատարանը թույլ չտվեց նիստի տեսաձայնագրումը: Հայցվոր կողմի մյուս միջնորդությունը վերբերում էր շինարարության դադարեցմանը: Սամվել Դավթյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է աշխատանքային խումբ, որը պետք է լուծի այս խնդիրը: Եւ մինչեւ այդ գերատեսչական մարմինը որոշում չկայացվի, շինարարությունը պետք է դադարեցվի: «Եթե դատարանը կորոշի, կդադարեցվի»,-ասաց պատասխանող կողմի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Ինչպես նշեց դատավոր Կարինե Պետրոսյանը, դատարանը այս միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի լրացուցիչ: Դատարանն ընդունեց հայցվոր կողմի մյուս միջնորդությունը տեղատեսություն կատարելու մասին: Հայցվորի մյուս միջնորդությունը այն էր, որպեսզի դատարանի միջոցով հայցվոր կողմը կարողանա ապացույց ձեռք բերել Քաղաքաշինության նախարարությունից: Հայցվորը նախարարությանը հարցում է ուղարկել, թե արդյոք հյուրանոցային համալիրի շինարարության վերաբերյալ «Լավո» ՍՊԸ-ի տված փորձաքննական եզրակացություն իրավաչափ է, թե ոչ: Քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է, որ ստուգումներ չի կատարում 70 միլիոնի շրջանառության շեմը չհաղթահարած ընկերություններում: Արդյունքում նախարարությունը չի պատասխանել հարցմանը: Դատարանը որոշեց, որ եթե դատաքննության փուլում երրորդ կողմ հանդիսացող քաղաքաշինության նախարարությունը չպատասխանի այդ հարցին, եւ եթե այդ հարցի պատասխանը անհրաժեշտ լինի, ապա դատարանը կբավարարի միջնորդությունը: Նիստի ավարտին հայցվոր կողմը մի միջնորդություն էլ ներկայացրեց փոխելու հայցադիմումը, որը լինելու է սեփականատիրոջ իրավունքների խախտման եւ գործող քաղաքաշինական նորմերի խախտումները վերացնելու մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դրանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստի օրն ու ժամը կողմերին կտեղեկացվի լրացուցիչ:
Մարտ 21, 2013 at 18:22
