

ԷկոԼուր
ՀՀ նախագահի նստավայրի տեղում գտնվել է Երեւանի առուների կենտրոնը: Այս մասին ապրիլի 8-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում, ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց Երեւանին սպառնացող խնդիրները, որոնք հիմնականում բաժանեց երեք խմբի, բարձրահարկ շենքերի կառուցում առանց հիմքի, Երեւանի ճնշումային ջրերի հետեւանքով մայրաքաղաքի կենտրոնում առաջացած դատարկություններ եւ սողանքներ: Մյուս բանախոսը` «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը, ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովից իրենց նախաձեռնության դուրս գալու պատճառները: Մանրամասները դիտեք ԷկոԼուրի պատրաստած տեսանյութում եւ մամուլում հրապարակված նյութերում:
Երկրաբան. «Երևանի նորակառույցներն ապահով հիմքեր չունեն»
Լուիզա Սուքիասյան, Առավոտ
Այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, խոսելով Երևանին սպառնացող վտանգների մասին, ասաց, որ քաղաքը նորակառույց շենքերի հիմքերի ապահովության խնդիր ունի. «Վերջին քսան տարում բոլոր բարձրահարկ շենքերը կառուցվում են առանց հիմնավորման. խոսքը հիմքերի մասին է: Կառուցվող շենքերը մոնիթորինգի տակ պետք է վերցվեն` պարզելու համար` շենքերի տակ հորատումնե՞ր կան, թե՞ ոչ: Բոլոր խոշոր շենքերի համար պետք է պարտադրել կատարել այդ մոնիթորինգը»: Մասնագետը նշեց, որ Երևանի կառուցվածքի համաձայն` «վերեւից» դեպի իջվածք հոսող ստորգետնյա ջրերը Երևանի տակով են անցնում. «Երևանում նախկինում աղբյուրներ ենք ունեցել, մեծահասակները կհիշեն դրանք: Խնդիրն այն է, որ այդ ջրերը փակվել են, վրան տներ են կառուցվել, իսկ թե ինչ է դրանց տակ կատարվում, ոչ մեկ չգիտի»: Երկրաբանը հայտնեց, որ Երևանի ընդերքն ունի ջրային երեք հորիզոն, որոնց հետեւանքով ընդերքում ճնշումնային ջրեր են գործում: Ռուբեն Յադոյանն ասաց, որ հատկապես քաղաքի կենտրոնի ընդերքը փխրուն ապարներից է բաղկացած, որոնք հեշտությամբ «լվացվում» են: «Նման հարցերին ուշադրություն պետք է դարձնել: Սպասում են մի վտանգավոր դեպք լինի, մարդկային զոհեր լինեն, նոր ուշադրություն դարձնեն»,-ընդգծեց Ռուբեն Յադոյանը: Նա նաեւ նշեց, որ պայքարել է պետք Գետառի եւ Ջրվեժի ձորում կատարվող սողանքների դեմ: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը, խոսելով նախաձեռնության` Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից դուրս գալուց, ասաց. «Քաղաքապետարանը չի կատարում օրենքով իրեն վերապահված բնապահպանական գործառույթները: Փորձը ցույց տվեց, որ այդ կառույցը կրում է փաստացի PR-ային բնույթ»: Ավթանդիլյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ խնդիր բարձրացվեց Օպերայի շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքների շուրջ: Ավթանդիլյանի համոզմամբ` դրանցից ավելի շատ տուժում է բնությունը:
Մի մասը չկարողացան գրավել
Ա1+
Եթե միջազգային չափանիշներով յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում 21 ք/մ կանաչ տարածք, ապա Երևանում այդ թիվը նվազել է յոթ ք/մ-ից, այսինքն այս չափանիշը ավելի քան երեք անգամ ցածր է: Ասում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը։
Նրա կարծիքով՝ էկոլոգիական մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ շարունակվում են հարձակումները հանրային տարածքների վրա:
«Դրանք հիմնականում կանաչ տարածքներն են, և հիմնականում քաղաքի կենտրոնում: Այս պահի դրությամբ այնքան ծանրաբեռնված է Երևանի կենտրոնը, որ հիմնական ազատ տարածքները` կղզիները, մնացել են հանրային տարածքները, որոնց մի մասը ստացվեց գրավել, մյուս մասը` ոչ»,- նշեց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Բնապահպանները դժգոհ են. Ներկայացրած 40 խնդիրներից 1-2 է լուծվել
Panorama.am
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դուրս է եկել Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի կազմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը: «Անցած տարի առաջարկեցին մասնակցելու նոր ձևավորվող բնապահպանական հանձնաժողովի աշխատանքներին: Արդեն իսկ որոշակի կասկած ունեինք, տարիների փորձից ելնելով, որ հնարավոր է այդ գործունեությունն այդքան էլ չհամապատասխանի իրականությանը, ձևական բնույթ կկրի, բայց համաձայնվեցինք` առաջնորդվելով անմեղության կանխավարկածով: Փորձը ցույց տվեց, որ այդ կառույցը շատ նմանատիպ միավորումների նման կրում էր PR բնույթ, քաղաքացիական, հանրային ներկայացվածությունն էլ լեգիտիմացնում էր քաղաքապետարանի գործունեությունը»,- մանրամասնեց Ա. Ավթանդիլյանը:
Նրա խոսքով, իրենց «համբերության վերջին կաթիլը դարձավ օպերայի շրջակայքում սկսված շինարարությունը` քաղաքապետարանի սլենկով կոչված վերանորոգման ու բարեփոխման աշխատանքները, որի ընթացքում ավելի շատ տուժում է բնությունը, քան օգտվում», «Դրանից հետո որոշեցինք դուրս գալ այդ հանձնաժողովից»,- նշեց ակտիվիստը:
Արթուր Ավթանդիլյանի խոսքով, իրենք Երևանին վերաբերող 40 խնդիր են փոխանցել քաղաքապետարանին` սկսած Երևանի քաղաքային բյուջեից մինչև հանձնաժողովի կազմի փոփոխություն, սակայն միայն մեկ-երկու խնդիր է լուծում ստացել, այն էլ լրացուցիչ հանրային ռեզոնանսի արդյունում:
Երկրաբանական գիտությունների թեկնածուն ահազանգում է. Բարձրահարկերը կառուցվում են առանց հիմքերի ամրակայման
Panorama.am
Երևանում վերջին քսան տարիների ընթացքում շենքերը, հատկապես բարձրահարկ, կառուցվում են առանց հիմքերի հիմնավորման, ամրակայման: Այս խնդրի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Նա ասաց, որ ինքը բազմաթիվ անգամներ է այս խնդրի մասին բարձրաձայնել, ահազանգել, սակայն լսող չկա:
Ըստ նրա, Երևանի ընդերքի հետ կապված երկրորդ կարևորագույն խնդրը, որ լուծման կարիք ունի, ճնշումային ջրերի հարցն է, որոնց գործունեության, հետևանքների դեմ պետք է պայքարել: Մասնագետի ներկայացմամբ, Երևանն ունի երեք ստորգետյա ջրային հորիզոն, որոնք ճնշումային են: Մետրոյի «Երիտասարդական» կայարանից մինչև «Զորավար Անդրանիկ» ջրերի հորիզոնները կտրել ու միացրել են իրար: Միացման արդյունքում ահռելի քանակությամբ ճնշումային ջրեր են գործում: Ընդերքում ահռելի քանակությամբ փխրուն ապարներ կան, որոնք այդ ջրերի միջոցով հեշտությամբ լվացվում են ու առաջանում է դատարկություն: «Հայտնաբերել ենք, որ Երևանի կենտրոնական մասում, որտեղ գործում են այդ ջրերը, ահռելի դատարկություններ կան: Դրանք մեծությունը, ծավալները, տեղերը կոնկերտ որոշված չէ: Բայց դրանց դեմ պետք է պայքարել»,-ահազանգում է երկրաբանական գիտությունների թեկնածուն: Միաժամանակ նշում է, որ դատարկությունները կարելի է լցնել տարբեր նյութերով:
Ռուբեն Յադոյանը նաև բարձրաձայնում է, որ Երևանում շատ են սողանքային գոտիները, փլուզումները, որոնց դեմքը պետք է անհապաղ առնել:
Հին Երևանում, ըստ բանախոսի, շատ են եղել բնական աղբյուրները, սակայն այսօր դրանք փակվել են ու դրանց վրա կառուցվել տները. «Ոչ ոք չգիտի, թե հիմա ինչ է կատարվում դրանց հետո»: Ըստ նրա, պետք է բարձրահարկ շենքերի կառուցման ժամանակ մշտապես դիտարկումներ արվեն:
Ինչ վարաբերում է Գետառի հունը փոխելուն, փակելուն, Ռ. Յադոյանը նշեց, որ թեև հայտարարվել էր, որ հաշվարկվել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, սակայն դիտարկեց, որ հաշվարկները մինիմալ են` արված են չորս տարվա կտրվածքով:
Ապրիլ 09, 2013 at 16:29
