

ԷկոԼուր
Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն շաբաթը երկու անգամ են ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնում, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը տեսնի եւ չմոռանա իրենց խնդրի մասին: Ապրիլի 12-ին նրանք կրկին բարամյան պողոտայում էին: Նրանք իրենց բողոքը հայտնեցին ԷկոԼուրին:
«Այդ տարածքը հիմա ամայի է, այն սեփականության իրավունքով տվել են Դալմա ինվեստին: Այդտեղ գտնվել է իմ տունը, ես ապրել եմ 17 տարի: Այս 4 տարի է` քանդել են, ես տնակում եմ ապրում: Ինչ կանաչի մասին կարող է խոսք գնալ, երբ որ քանդել են տունը, ծառերս հատել են, հենց հիմա իմ տան տարածքում, որ կանաչ էր, ավտոկանգառ են սարքել: Ոչ թե միայն տունս խլեցին, այլ ապրուստիս միջոցը»,- ասաց Դալմայի հողօգտագործող, երկրորդ կարգի հաշմանդամ Մանվել Արզոյանը: «Ես հարյուր տարեկան կին եմ, իմ հողը 30 տարի մշակել եմ: Հիմա չգիտեմ` այդ հողը ում են վաճառել, վաճառված է, թե` ոչ, այդ հողը մշակեմ, թե` ոչ: Մեր հատուցումը տան, թող վերցնեն»,- ասաց Սրբուհի տատիկը:
«Իմ պահանջն է, որ իմ հողամասը ես այսքան տարի մշակել եմ, բերրիացրել եմ, չարչարվել եմ, կամ պայմանագրիս ժամկետը երկարացնեն, կամ իմ հողամասը վաճառեն, ես առնեմ»,- պահանջեց Սարգիս Գրիգորյան:
Դալմայի հողօգտագործողների խոսքերով` ոչ փոխհատուցում են տալիս, ոչ թույլ են տալիս գնել իրենց հողատարածքները, թեպետ Երեւանի քաղաքապետարանից խոստումներ եղել են: Այս կապակցությամբ «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը էկոԼուրին հայտնեց. «Իրենք ասում են, որ մենք հաջողությամբ, հետեւողականորեն հասցնելու ենք փոխհատուցման գործընթացն իր ավարտին: Բայց մարդիկ դեռ սպասում են: Նրանք բավականին շատ են: Ոմանց նույնիսկ ասում են, թե դուք ինչու եք եկել. մենք ձեր հարցով չենք զբաղվելու»:
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն 10 տարի պայքարում են իրենց իրավունքների համար:
Ապրիլ 12, 2013 at 13:48


