

ԷկոԼուր
2013թ. մայիսի 5-ին անցկացվելիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է իր բնապահպանական ծրագիրը: Ի թիվս մի շարք հարցերի, ուշադրությունն անդրադարձել է նաեւ Հրազդանի կիրճի եւ Երեւանյան լճի վիճակին: Բնապահպանական ծրագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Մայրաքաղաքի բնապահպանական եւ սանիտարական վիճակի բարելավումը, բնապահպանական համալիր միջոցառումների իրականացումը, այդ թվում` արտադրական վտանգավոր թափոնների արդյունավետ վնասազերծումը եւ օգտահանումը, կոշտ կենցաղային թափոնների վերամշակման կազմակերպումը Երեւանի բնակչության առողջ ապրելակերպի գրավականն են:
Երեւան քաղաքում բնապահպանական կայուն վիճակ ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել արտադրական եւ տրանսպորտային վնասակար արտանետումների նվազեցմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել կանաչապատման ծավալները, միամյա կուլտուրաները փոխարինել բազմամյա կուլտուրաներով, վերակառուցել զբոսայգիներն ու պուրակներն այնպես, որ դրանք առավել հարմարավետ լինեն մայրաքաղաքի բնակչության հանգստի եւ ժամանցի անցկացման համար:
Երեւանի բնապահպանական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է`
- մայրաքաղաքի որոշակի տարածքների նկատմամբ բնապահպանական հատուկ ռեժիմի սահմանում
- մայրաքաղաքի էկոհամակարգի վերականգնված տարածքներում քաղաքաշինական նպատակներով օգտագործման հատուկ ռեժիմի ներդրում
- էկոլոգիապես վտանգավոր եւ վնասակար արտադրությունների վերացումը կամ դրանց համապատասխանեցումը գործող բնապահպանական պահանջներին:
Երեւանի տնտեսաէկոլոգիական հավասարակշռության պահպանման խնդիրների լուծումը պահանջում է այդ ոլորտի իրավական եւ նորմատիվային դաշտի կատարելագործում, դրանց համապատասխանեցում ժամանակի պահանջներին`իրականացնելով համալիր միջոցառումների ծրագիր:
Լրջագույն խնդիր է մնում կոշտ եւ կենցաղային թափոնների օգտահանումը
Խոսքից գործի անցնելու նպատակով անհրաժեշտ է ձեւավորել աղբահանության եւ աղբավերամշակման գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ, որի մի մասն էլ կազմում է ժամանակակից աղբավերամշակման ձեռնարկության կառուցումը եւ շահագործումը:
Մայրաքաղաքի հիմնահարցերից է երեւանցիների հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար համապատասխան պայմանների ստեղծումը: Մասնավորապես, անհրաժեշտ է բարելավել Հրազդան գետի կիրճի բնապահպանական եւ ենթակառուցվածքային պայմանները, աշխատանքներ տանել Երեւանյան լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանման համար, մայրաքաղաքի կանաչ գոտիների մակերեսը մեկ շնչի հաշվով հասցնել նվազագույնը 20 քառակուսի մետրի:
Մայրաքաղաքի կոմունալ զարգացած տնտեսությունը անհնար է պատկերացնել առանց բակային բոլոր տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, 100%-ով լուսավորության ապահովման»:
Ապրիլ 15, 2013 at 19:44
