

ԷկոԼուր
Ապրիլի 8-ին Երեւանի քաղաքապետարանին կից էկոլոգիական հանձնաժողովը որոշեց դիմել Երեւանի քաղաքապետին քաղաքապետարանի առաջիկա ծրագրերում Հրազդանի կիրճի երկայնքով կոյուղագիծ անցկացնելու նախագիծն անհապաղ ընգրկելու պահանջով: Այդ առաջարկությունը հանձնաժողովին ներկայացրել է Երևանի Օրհուս կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է www.aarhus.am կայքը: «Առաջարկի համաձայն` կոյուղագիծը պետք է սկիզբ առնի Դավթաշենի կամրջի մոտից և Երևանյան լճի մոտ միանա քաղաքի գործող կոյուղու կոլեկտորին՝ ներառելով նաև Հրազդանի կիրճի տարածքն ընդգրկող բոլոր առանձնատների, սպասարկման և արտադրական օբյեկտների կեղտաջրերի խողովակները (որոնք ներկայումս անմիջապես գետ են լցվում): Հրազդան գետի էկոլոգիական վիճակի բարելավմանն էապես նպաստելուց բացի, կոյուղու կոլեկտորի կառուցումը Երևան քաղաքի համար նաև համայնքային անվտանգության խնդիր է լուծում, քանի որ Հրազդանի կիրճի հարևանությամբ` Դավթաշենի կամրջի սկզբնամասում անցնում է քաղաքի կենտրոնական կոյուղագիծը և վթարային իրավիճակների դեպքում, կոյուղաջրերը կարող են լցվել Հրազդան գետ՝ վտանգավոր սանիտարական իրավիճակ ստեղծելով ամբողջ քաղաքի համար: Առաջարկվող կոլեկտորը երկրորդային կոլեկտորի դեր կկատարի՝ բացառելով վերոնշյալ իրավիճակները»,- գրում է կայքը:
Դեռ 2006թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են Երևանյան լճի մաքրման և Հրազդան գետի առափնյա կոյուղու կոլեկտորի կառուցման 1.5 մլրդ դրամ արժողությամբ նախագծանախահաշվարկային փաստաթղթեր, որոնք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով քաղաքապետարանի ծրագրերում չեն ընդգրկվել:
Ապրիլ 15, 2013 at 19:59
