

ԷկոԼուր
Այսօր գործող 144 փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունավետության հարցը վիճահարույց է: Չնայած դրան, դեռևս նախատեսվում է նրանց թիվը համալրել ևս 70-ով:
«Ոլորտը, եթե դիտարկենք բիզնեսի տեսնակյունից, բավականին գրավիչ է: Էստեղ մոնոպոլիա չկա: Սակայն, դա գրավիչ է թվում միայն առաջին հայացքից...Այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ՝ օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերի անկատար լինելը, չկան ստանդարտներ, որոնք ուղղված կլինեն փոքր հիդրոէնէրգետիակայի ուսումնասիրման և շահագործման հարցերին, ֆինանսական կարգավորման խնդիրներ, իրազեկման պակաս»,- ասաց «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման Նորվեգա-Հայկական Համագործակցության ծրագրի» ազգային համակարգող Ինեսսա Գաբայանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Վերջինս նշեեց, որ իրենց ծրագրի նպատակը այդ խնդիրները վեր հանելն ու ոլորտի կայուն զարգացումն ապահովելն է, հարցի լուծումը տեսնում է նորագույն տեխնոլոգիաների օգտագործման մեջ: Հատուկ վերահսկողության նպատակով նախատեսված սարքերը պետք է արձանագրեն ՀԷԿ-երի շահագործման հետ կապված բոլոր թերությունները, որոնք, ի դեպ, կլինեն հասանելի բոլորի համար: Ինեսսա Գաբայանը արդյունավետ չի համարում ՀԷԿ-երին «ոչ» ասելը, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ խնդիրը համայնքի բնակիչների պահանջատեր չլինելն է. «Եթե դու բողոքում ես, դու դժգոհ ես, ինչ-որ չափով դու ևս պետք է քո ներդրումն ունենաս այդ վերահսկողության հարցում: Պետք է ակտիվ լինել և չսպասել, որ դրսից գան ու ասեն...»:
Հարցի շուրջ իր անհամաձանությունը հայտնեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: «Մենք` որպես հասարակական կազմակերպություն, ընդունել ենք մի քանի բողոքներ և եղել ենք այն մարդկանց մոտ, որոնք այդ դիմումը պաշտոնական ներկայացրել են վերահսկող մարմնին՝ Բնապահպանության նախարարությանը, կառավարությանը և նույնիսկ նախագահի աշխատակազմին: Լծակ չկա: Մենք չունենք այնպիսի կարգավիճակ, որ ժողովուրդը բողոքի...Հատուկ կարգ կա սահմանված, տեսչությունը գալիս է ստուգումների միայն այն ժամանակ, երբ կա նախարարի հատուկ հրաման»,- ասաց Ինգա Զառաֆյանը:
Խոսքը Արգիճի ՓՀԷԿ-ի, Շատին գյուղի, Մարց գյուղի ՓՀԷԿ-երի անօրինական շահագործման մասին է, որոնց կառուցման ժամանակ հաշվի չեն առնվել բնակիչների բողոքները, և տեսչությունից ստուգայցերի ոչ մեկ չի եկել:
Ասուլիսի շրջանակներում նաև հանդես եկավ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյան, ով համաձայնեց այն կարծիքին, որ Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմները քողարկված միջոց են հակաէկոլոգիական ծրագրերի համար:
«Նախագիծը պետք է համապատասխանի երկրի կայուն զարգացման իդիկատորներին: Կա այսպիսի սկզբունք՝ թե տնտեսական, թե սոցիալական, թե էկոլոգիական տեսակետից պետք է օգտակար լինի...Ու եթե ՀԷԿ-ը սովորական բիզնեսի տակ չի անցնում, ապա կարելի է մտցնել այդպիսի նախագիծ, հաստատել և դա տանել»,-ասաց Արամ Գաբրիելյանը` նշելով նաև առկա չարաշահումները: Նա ասաց, որ Հայաստանը չի որոշում ծրագրի բիզնեսի տակ անցնել կամ չանցնելը, սակայն նախագծի հաստատումը ձեռնտու է այնքանով, որ երկիրը դրանից եկամուտ է ստանում:
Ապրիլ 16, 2013 at 15:51
