

ԷկոԼուր
2009թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքը, որտեղ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ)»: էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը օրենքը զավեշտալի է համարում: «Այս փաստաթուղթը, ճիշտն ասած, զավեշտական փաստաթուղթ է այն տեսակետից, որ երեւի աշխարհիս երեսին այդպիսի պառլամենտ կամ Ազգային Ժողով չկա, որ ֆիքսի ատոմակայանի հզորությունը: Հզորությունը ֆունկցիոնալ մեծություն է, որն առաջանում է տարբեր մոտեցումների վերլուծությունների արդյունքում` այս կամ այն երկրի այժմեական եւ հեռանկարային պահանջները հաշվի առնելով… »,- ասաց Էմիլ Սահակյանը: Նրա խոսքերով` 1200 մեգավատը որեւէ կերպ չի տեղավորվում Հայաստանում վարվող էներգետիկական ռեժիմների հետ: «Դա մեծ բեռ կդառնար Հայաստանի էներգահամակարգում օպերատիվ ռեժիմների վարման տեսակետից: Ավելի պարզ ասեմ, ձմեռային, ամառային օրական ռեժիմների կարգավորումը կդառնար գրեթե անհնար: Եւ այստեղ հույսը դրվում էր, ես կարող եմ պաշտոնապես ասել, որ այս էլէկտրաէներգիայի արտադրանքը պետք է ուղղվեր արտասահման: Չէր նշվում` ինչ երկրներ, բայց խոսքով ասվում էր` Թուրքիա, Վրաստան, Պարսկաստան, անգամ մի երկու-երեք փաստաթուղթ կա, որ Ադրբեջան էլ էր նշվում»,- ասաց փորձագետը:
Նա համոզված է, որ Հայաստանի նման փոքր երկրում ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու դեպքում դրա հզորությունը պետք է լինի ամենաշատը 300 մեգավատ:
Հունիս 07, 2013 at 15:21
