

ԷկոԼուր
Հունիսի 17-ին մենք նշում ենք անապատացման դեմ պայքարի միջազգային օրը: 2013թ. թեման է «Թույլ մի տուր` չորանա մեր ապագան»: Աշխարհը նշում է այս օրը` սկսած 1995թ-ից: Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիային 1994 թ-ին եւ վավերացրեց 1997թ-ին:
Ընդունված է, որ Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման: Որպես միջոցառում կառավարությունն առաջարկում է ներդնել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներ, պահպանել ջրային աղբյուրների սանիտարական նորմերը, սահմանափակել հանքային պարարտանյութերի օգտագործումը, ացկացնել ջրային ռեսուրսների մոնիտորինգ, ընդլայնել սանիտարական գոտիները:
Արդյո՞ք դա հնարավոր է, եթե միեւնույն կառավարության որոշումներով մենք 2008 թ-ից մինչեւ 2011 թ-ը ունենք գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատում` 2121,2 հազար հեկտարից մինչեւ 2076,9 հազար հեկտարի: 7%-ից մինչեւ 13% ավելացել է ջրի արդյունաբերական օգտագործումը: Հետեւաբար, ավելացել են արդյունաբերական արտահոսքերը, այսինքն`ավելացել է ջրերի աղտոտումը: 2007թ-ին արդյունաբերական եւ կոյուղու հոսքերը կազմել են 365 միլիոն խմ, իսկ 2011թ-ին` 750 միլիոն: Դրա հետ մեկտեղ չմաքրված ջրերն ավելացել են` 41 միլիոն խմ-ից հասնելով 247 միլիոն խմ-ի: Նշենք, որ աղտոտումը կարող է անդառնալի բնույթ կրել, դա ծանր մետաղներով եւ կայուն օրգանական միացություններով աղտոտումն է:
Արարատյան հարթավայրում շուրջ 30 000 հա գյուղատնտեսական նշանակության հող դուրս է եկել շահագործումից աղակալման հետեւանքով: 600 հազար հա տարածք զբաղեցնող Արարատյան դաշտավայրում աղակալման խնդիրը միշտ էլ եղել է: Այդ նպատակով կառուցվել է արհեստական ջրանցքերի` դրենաժային համակարգ, որը հեռացրել է ավելոդ ջրերը: Սակայն պետական հոգածության բացակայության պատճառով ներկայումս դրենաժները չեն գործում. լցված են հողով, աղբով, մացառներով, եւ Արարատյան դաշտավայրի հողերը ենթարկվել են կրկնակի աղակալման: Հողերի աղակալումն իր հետ բերել է մի շարք լուրջ սոցիալական խնդիրներ: Միայն Արմավիրի մարզում հողագործությամբ ապրող շուրջ 13 համայնքի բնակիչները աղակալման պատճառով չեն կարողանում իրենց սեփական հողը մշակել: Մի մասն իրենց հողերը թողած` հարեւան համայնքներից են հողեր վարձակալում` մշակելու համար, մյուսներն էլ սպասում են, թե երբ են դրենաժները մաքրելու, իրենց հողերը լվացվելու, որ կարողանան մշակել:
Մենք ունենք ստորգետնյա եւ վերգետնյա ջրերի կորուստ էքստենսիվ ընդերքօգտագործման, փոքր ՀԷԿ-երի կառուցման, հողերի աղակալման, ջրավազանների սեփականատերերի կողմից մեծ ծավալով ջրօգտագործման խախտումների, ջրային եւ հողային ռեսուրսների վատ կառավարման, ինչպես նաեւ չինովնիկների ագահության եւ նրանց հետ կապված բիզնեսի պատճառով: Ելնելով շահերի բախումից` մեր կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարը տարվում է միայն կարգախոսների եւ բարեմաղթանքների մակարդակով:
Անհրաժեշտ է`
• փոխել ողջ պետական քաղաքականությունը
• բարելավել օրենսդրական դաշտը` մասնավորապես մշակել նոր «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրք եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենք
• հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքի 81%-ը ենթակա է անապատացման` կատարել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները
• դադարեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաների փոփոխումը
• մշակել եւ իրականացնել քայքայված հողերի վերականգնման ծրագրեր
• փոխել գյուղատնտեսական քաղաքականությունը` աջակցելով գյուղացիներին, որպեսզի նրանք զբաղվեն օրգանական գյուղատնտեսությամբ:
Հունիս 17, 2013 at 12:13
