

ԷկոԼուր
Սույն թվականի հուլիսի 18-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում, իսկ ժամը 14.00-ին Շվանիձոր համայնքի մշակույթի պալատում տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպահության նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ նախագծի` նախատեսվում է ինքնահոս եղանակով ոռոգել Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Մեղրի, Ագարակ, Շվանիձոր, Ալվանք, Կարճևան, Նռնաձոր համայնքների ընդհանուր 686 հա տարածք զբաղեցնող հողերը` վերացնելով ներկայում ազդակիր տարածքը սպասարկող 8 ջրհան կայանները և խնայելով տարեկան 3.89 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Համակարգի շահագործման համար անհրաժեշտ ջրաքանակը ոռոգվող հողատարածքների համար կազմում է 650լ/վ: Ջուրը վերցվելեու է Մեղրի գետից Պահպանվելու է 0.16խմ/վրկ ծավալով գետի բնապահպանական ելքը: Նախագծում նշված է, որ, Մեղրի գետի ջրերը, ըստ փորձաքննությունների արդյունքների, աղտոտված չեն հանքային և օրգանական աղտոտիչներով և չեն կարող բացասաբար անդրադառնալ ոռոգվող տարածքների 38.69 հա հողերի վիճակի վրա:
Շինարարության ժամկետը կկազմի 15 ամիս: Շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտ կարտանետվեն փոշի, ածխաջրածիններ, բենզինի գոլորշի, եռակցման աերոզոլ, մանգանի օքսիդներ, ցեմենտի փոշի: Նշվում է, որ շինարարության փուլում օդի աղտոտումը կլինի սահմանային թույլատրելի կոնցետրացիաների շրջանակներում:
Ըստ նախագծի` նախատեսվում են ծառահատումներ, բայց թե որքան ծառ կհատվի, նշված չէ: Հատվող ծառերի դիմաց սահմանվելու է նոր ծառերի տնկում` 1:3 հարաբերակցությամբ:
Տարածքում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիներ և թռչյուններ:
«Շինարարական աշխատանքները կարող են ուղղակիորեն ազդել ազդակիր տարածքի բնական բուսածածկի վրա, վտանգել կենդանիների, այդ թվում` թռչունների բնադրման և ձվադրման վայրերը, միգրացիոն և ջրարբի ուղիները: Բնապահպանական կառավարման պլանով (ԲԿՊ) կնախատեսվեն մեղմացնող միջոցառումներ` այդ ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար»,- մասնավորապես նշված է նախագծում:
Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարությանը կողմից իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգման հրատապ ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորում» (ՈՀՎՀԾԼՖ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: ՈՀՎՀԾԼՖ ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է մոտավորապես 8.0 միլիոն ԱՄՆ դոլար:
Հուլիս 12, 2013 at 11:35
