

ԷկոԼուր
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը անտրամաբանական եւ անարդարացի է համարում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհրդի կազմում հասարակության մասնակցության ընտրության մեխանիզմները: «ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ կարծիքում «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը կոչ է անում ՀՀ կառավարությանը փոփոխություններ կատարել որոշման մեջ եւ նեդնել ընտրության ավելի արդարացի և խելամիտ մեխանիզմներ:
ՀՀ ԲՆ-ն սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ հրավիրում է ՀԿ-ներին մասնակցել բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհուրդներին:
ՀՀ կառավարության որոշմամբ` Խորհրդի կազմում ընդգրկվել են դիմումը առաջին երկու ներկայացնողները՝ «Արքայանիստ» գիտաարտադրական հիմնադրամի տնօրենը եւ «Անկախության սերունդ» երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչը: Իսկ «Բիոսոֆիա» ՀԿ-ին մերժել են՝ պատճառաբանելով, որ վերջինս դիմումը ներկայացնողների թվում առաջիններից չի եղել:
«ՀՀ կառավարությունը սա ողջ աշխարհին ներկայացնելու է որպես ՀՀ ԲՆ տեսչական գործունեությանը հասարակության մասնակցությունն ապահովելու դրական օրինակ, այնինչ կազմակերպությունների ընտրության հիմքում ընկած է մեղմ ասած անտրամաբանական մեխանիզմ, այն է` առաջինը դիմելու հանգամանքը, առանց հաշվի առնելու այդ կազմակերպության գործունեության ուղղվածությունը, հասարակական ակտիվությունը և աշխատանքային փորձը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում և այլն: Բացի այդ, կառավարության այս որոշումը ՀՀ ԲՆ-ին հնարավորություն է ընձեռում ըստ իր ցանկության կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու համար ընտրել այն կազմակերպություններին, որոնց ինքը ավելի «նպատակահարմար» է գտնում, քանի որ հասարակությունը իրական հնարավորություն չունի պարզելու, թե արդյոք իսկապես այդ կազմակերպություններն են դիմել առաջինը, թե ոչ:
Սա ցույց է տալիս ՀՀ Կառավարության անլուրջ և արհամարհական վերաբերմունքը բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհրդի կազմում հասարակության մասնակցությանը և հերթական անգամ փաստում, որ հասարակական մասնակցությունը գրեթե բոլոր մակարդակներում կրում է ձևական բնույթ:
Ինչևէ, որպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործունեություն ծավալող և Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ կազմակերպություն, ընտրության այս մեխանիզմը համարում եմ խիստ անտրամաբանական, անարդարացի և գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է փոփոխություն կատարի իր որոշման մեջ և ներդնի կառավարման խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության ավելի արդարացի և խելամիտ մեխանիզմներ»,-գրում է Գեւորգ Պետրոսյանը:
Նոյեմբեր 05, 2013 at 13:31
