

ԷկոԼուր
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է չեղյալ համարել Սայաթ-Նովա 12 շենքի բակում կառուցապատման ապօրինի թույլտվությունը։ Ինչպես նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, նշված հասցեում չի կարող կառուցվել 5 հարկանի շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք, և որոշումն ընդունվել է օրենքների խախտումով։
Շինարարությունը իրականացնում է «Լարկո գրուպ » ՍՊԸ-ն:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝ հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։
Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012), Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։
Նույն կերպ Սայաթ-Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր կանգնելն է։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ չեղյալ համարել Սայաթ-Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն օրինականություն։
Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբեր 07, 2013 at 11:57
