ՀԲՃ-ն ՀՀ դատախազությունից պահանջում է վերանայել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով հարուցված քրեական գործը

ՀԲՃ-ն ՀՀ դատախազությունից պահանջում է վերանայել  «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով հարուցված քրեական գործը

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) բողոքարկում է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծման, փորձաքննության և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մերժումը: Ճակատը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որում մասնավորապես ասված է. 

«Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության գործունեության ընթացքում չի արձանագրվել մի դեպք, երբ համապատասխան ընթացք և արդարացի լուծում տրվի բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև ազդակիր համայնքների կողմից  հանցագործությունների ու իրավախախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդումներին և փաստերին: Այնպիսի տպավորություն է, որ իրավապահ մարմինները, վախենալով մասնավոր բիզնեսի որոշ կարկառուն ներկայացուցիչներից ու նրանց հովանավորներից, խուսափում են բացահայտել ՀՀ քրեական օրենգրքի 27-րդ գլխով նախատեսված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները...

 Որպես վառ օրինակ ցանկանում ենք բերել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրները:

2013թ. հունվարի 11-ին հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ոստիկանություն և գլխավոր դատախազություն (http://hetq.am/arm/news/22187/), որը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն և ոստիկանություն, որտեղ էլ ընթացք էր տրվել ու սկսվել էր նյութերի հավաքման գործընթաց...  

Գրեթե 4 ամիս չստանալով ոչ մի պաշտոնական պատասխան ոստիկանությունից, 2013թ. մայիսի 22-ին կրկին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին (http://www.galatv.am/news/view/nature_220520138.html): 

Եվ միայն դրանից 5 ամիս անց` 2013թ․ հոկտեմբերի 21-ին, Տավուշի մարզի դատախազությունից մեզ գրավոր հայտնել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ անտառային ֆոնդին վնաս չի պատճառվել: Սակայն բանը նրանում է, որ հանցագործության մասին մեր հաղորդումների և Տավուշի մարզի ոստիկանության բաժին ներկայացրած բացատրության մեջ, բացի շրջակա միջավայրին հասցված վնասներից, հստակ ներկայացրել ենք նաև մի շարք այլ ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ փաստեր, որոնք թույլ են տրվել թե ՀՀ պետական լիազոր մարմինների, թե «Մեգաէներջի» ՍՊԸ-ի, թե «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից: Սակայն չգիտես  ինչու դրանք ընդհանրապես անտեսվել են և քննարկման առարկա չեն դարձվել ոստիկանության կողմից, ինչը մեր համար անհասկանալի է և անընդունելի։ 

Իրականում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» արգելավայրերի և Իջևանի անտառտնտեսության անտառապատ տարածքում՝ ինչը զարմանալիորեն ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները չեն էլ ցանկացել պարզել:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L9cfKZGXDNE ) 

...Այդ ակնհայտ խախտումները բերեցին նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության արդարացի և իրավաբանորեն հիմնավորված բողոքների արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարը ստիպված եղավ գնալ աննախադեպ քայլի` 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչեց (չեղյալ համարեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: 

...Այնուհետև ակնհայտ իրավախախտում կատարած և իրականությանը չհամապատասխանող նախագիծ ներկայացրած «ԷՌԱ» ՍՊԸ-ն, պատասխանատվության կանչվելու փոխարեն, ներկայացնում է նոր` փոփոխված նախագիծ: Այդ նախագիծը երկար պատմություններից հետո 2013թ մարտ ամսին ստանում է դրական եզրակացություն, չնայած նրան, որ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը 25.12.2012թ. հ. 022-Ն/157 գրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին տրամադրել է կարծիք «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի արդեն երկրորդ` փոփոխված տարբերակի վերաբերյալ, որում մասնավորապես եզրակացրել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել «Իջևան» պետական արգելավայրի սահմաններում, ուստի անհրաժեշտ է առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջներով: Հաշվի առնելով, այդ ամենը, գտել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին: 

...Մենք համոզված ենք, որ տեսանյութերը դիտելուց և փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, Դուք նույնպես կհամոզվեք, որ ՀՀ Ոստիկանության և դատախազության Տավուշի մարզային կառույցների կողմից քրեական գործի հարուցման մերժման որոշումը կայացվել է բազմաթիվ ապացույցների ոչ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության հիման վրա, ինչն էլ կասկածի տակ է դնում այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հետևաբար, մեր նախաձեռնության անունից պահանջում ենք կրկին վերանայել մեր կողմից ներկայացված ապացույցները, իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր անձանց»:

Լուսանկարը՝ ՀԲՃ-ի

Դեկտեմբեր 19, 2013 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր