Ոչ մետաղական հանքավայրերի բնօգտագործման վճարները կբարձրանան

Ոչ մետաղական հանքավայրերի բնօգտագործման վճարները կբարձրանան

ԷկոԼուր

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիրին կառաջարկի 2015 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ոչ մետաղական օգտակար հա­նա­ծոների համար ներկայումս սահմանված բնօգտագործման վճարների դրույքաչափերը: Ինչպես նշված է կառավարության 2014թ. միջոցառումների ծրագրում, ֆինանսների նախարարությունը 2014թ. նոյեմբերի վերջին կառավարությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակը վերոնշյալ որոշմամբ սահմանված` բնօգտագործման վճար­­­ների դրույքաչափերի վերանայումն է:

Բանն այն է, որ թիվ 864 որոշմամբ սահմանված ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2011 թվականի վերջին, մինչդեռ դրանից հետո պինդ օգտակար հանածոների շուկայական գները բավականին բարձրացել են: Սույն որոշման նախագծով առաջարկվում է բարձրացնել բնօգտագործման վճարների դրույքաչափերը, ինչը կապահովի պետբյուջեի եկամուտների ավելացում: 

Համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի` ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հայաստանի տարածքում հանդիպում են` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները, տարատեսակ բազալտներ, գրանիտներ, նեֆելինային սիենիտներ, մարմարներ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` ներկայումս շահագործվում է 378 ոչ մետաղական հանքավայր:

Հունվար 10, 2014 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր