

ԷկոԼուր
Համաշխարհային բանկի Կայուն զարգացման դեպարտամենտի շրջակա միջավայրի հարցերով առաջատար մասնագետ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ծրագրի ղեկավար Ադրիանա Ջորդանովան Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոպյան բնապահպանական կենտրոնի կազմակերպած քննարկմանը հայտնեց Համաշխարհային բանկի դիրքորոշումը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» նոր օրինագծի վերաբերյալ:
Ադրիանա Ջորդանովան անցկացրեց նոր օրինագծի վերլուծություն՝ համեմատականներ անցկացնելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի հետ: Օրենսդրությունը և օրինագիծը ունեն շատ ընդհանրություններ:
«Մենք տեսնում ենք մի քանի շեղումներ, անհամապատասխանություններ մի քանի գործընթացներում: Մենք առաջարկում ենք էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մտածել այդ ժամկետների համապատասխանեցման մասին»,- նշեց նա: Նրա կարծիքով, նոր օրինագիծը ամփոփում է առաջատար, միջազգայնորեն ծանուցված փորձի մեծ մասը, չնայած կան պարզաբանման ենթակա խնդիրներ, որոնք կարող են լուծվել ենթաօրենսդրական ակտերով: Ադրիանա Ջորդանովայի գնահատականը հետևյալն է. «Լավ սահմանված նպատակներ, լավ սահմանված բնապահպանական և մոնիտորինգի պլան»:
Նրան առարկեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:«Ձեր խոսքերից ստացվում է, որ ՇՄԱԳ-ի մասին օրինագիծը պետք է համապատասխանի «Ընդերքի մասին» ՀՀ օրենքին, որը ինքն իրենով շատ վատն է և առաջացնում է շատ բողոքներ հասարակության կողմից: Ավելի ճիշտ չի՞ լինի անել հակառակը և փոխել Օրենսգիրքը»,- հարցրեց նա: Ադրիանա Ջորդանովան պատասխանեց. «Մենք չենք գրում օրենքներ, այլ օգնում ենք կառավարությանը գրել օրենքներ: «Ընդերքի մասին» օրենսգիրքը գրվել է շատ փորձագետների մասնակցությամբ»: Նա նաև նշեց, որ շատ օրենքներ թղթի վրա շատ լավ տեսք ունեն, գրեթե ոչինչ չես կարող առարկել, բայց, եթե չկա վերահսկողություն, հաշվետվողականություն, ապա արդյունքն էլ լավը չի լինի:
Ադրիանա Ջորդանովայի ամբողջական ելույթը Թեհմինե Ենոքյանի պատրաստած տեսանյութում:
Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի
Հունվար 29, 2014 at 18:36
