ԷկոԼուրը շարունակում է հրապարակել Սեւանա լճում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագրին ուղղված արձագանքները. ձկնաբան Սամվել Պիպոյանը ծրագրի մասին

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել Սեւանա լճում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագրին ուղղված արձագանքները. ձկնաբան Սամվել Պիպոյանը ծրագրի մասին

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել արձագանքները Սևանա լճում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագրի վերաբերյալ: Կարդացեք, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, ձկնաբան Սամվել Պիպոյանի արձագանքը.

«Ես, որպես ձկնաբան, Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր և "Մասնագիտական կրթության բարեփոխումներ" ՀԿ փոխնախագահ, դեմ եմ Սևանի իշխանի արտադրական աճեցման ծրագրին այն կերպ, ինչպես որ ներկայացվել է հասարակական լսումների ընթացքում: Համարում եմ, որ այդ ծրագրի իրականացման համար հիմք հանդիսացող պիլոտային ծրագրի արդյունքները խիստ անբավարար են նման հավակնոտ ծրագրի իրականացման համար: Միաժամանակ, կխնդրեի, որ Ձեր կողմից կազմված նամակում հաշվի առնվեին նաև հետևյալ մոտեցումները և խնդիրները.

- Սևանա լճի նախատեսված վայրերում 50000 տոնա ձուկ աճեցնելու դեպքում լճում կտրուկ կսկսեն ակտիվանալ այնպիսի էկոլոգիական գործընթացներ, որոնց արդյունքում  անդառնալիորեն կխաթարվի Սևանա լճի ողջ բնահամակարգը,

- արհեստական կերերով ձկներին կերակրելու դեպքում լճում կտրուկ կբարձրանա ազոտի և ֆոսֆորի քանակը, ինչն անպիտան կդարձնի լճի ջուրն այնտեղ բնակվող օրգանիզմների մեծ մասի, այդ թվում նաև ձկների համար` պատճառ դառնալով նրանց ոչնչացմանը կամ կենսապայմանների կտրուկ վատթարացմանը,

- ձկան մեծ կուտակումների առկայությունը համեմատաբար փոքր տարածքում պոտենցիալ մեծ վտանգ է ներկայացնում տվյալ տարածքում հիվանդությունների առաջացման, համաճարակների բռնկման ու դրանց անկանխատեսելի հետևանքների տարածման համար,

- պիլոտային ծրագրի ընթացքում աճեցվող ձկների աննախադեպ արագ աճը օրգանական կերերի հիման վրա կարող է հանգեցնել իշխանի գենետիկական մուտացիաների և մոդիֆիկացոն խեղումների, ինչ էլ իր հերթին կարող է ազդել տվյալ ձկնատեսակի գենոֆոնդի մաքրության վրա,

- լիարժեք մշակված չեն ծրագրի իրականացման ընթացքում մոնիթորինգի իրականացման և մոնիթորինգի իրականացման խմբի իրավասությունների նորմատիվային հիմքերը, ինչպես նաև ուռճացված է նախատեսվող աշխատատեղերի թիվը»:

Փետրվար 04, 2014 at 12:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր