

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Մարդկությունը հայտնվել է բնապահպանական բազմաթիվ խնդիրների առաջ, որոնցից ամենակարևորը Երկիր մոլորակի պահպանությունն է:
Մեր ժամանակներում առանձնակի կարևորվում է բնապահպանական գիտելիքներով, Երկիր մոլորակի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է դառնա ապրելակերպ, մտածելակերպ` յուրաքանչյուրի համար:
Այս նպատակն է հետապնդում «Հայաստանում բնապահպանական կրթության զարգացում` ի նպաստ կենսաբազմազանության բարելավման» ծրագիրը, որը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ՀՀ Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի դպրոցներում: Ծրագիրն իրականացվում է Էստոնիայի զարգացման հարցերով համագործակցության հիմնադրամի աջակցությամբ` Էստոնիայի «Չուդ լճի անդրսահմանային համագործակցության կենտրոն» կազմակերպության հետ համատեղ:
Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00 - ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պող. 19) կկայանա «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումը, որի նպատակն է ամփոփել ծրագրի արդյունքները և պարգևատրել ավելի վաղ, ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպված ակնարկների մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած և խրախուսական մրցանակների արժանացած աշակերտներին և ուսուցիչներին:
Մրցույթում հաղթող է ճանաչվել 7 ակնարկ, որոնք իրականացվել են Հայաստանի Վայոց Ձորի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Օրինակի համար, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտական խումբն իրականացրել է «էկոկանգառ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է համայնքի 3 կանգառում ավտոբուսի սպասող համայնքի բնակիչներին տրամադրել տեղեկատվություն բնապահպանական տարբեր խնդիրների վերաբերյալ: Այս երևույթը աննախադեպ է և արժանացել է գյուղի բնակիչների հավանությանը: Նրանք ցանկություն են հայտնել նմանատիպ կանգառներ ունենալ նաև գյուղի այլ հատվածներում:
Միջոցառմանը հրավիրվածների թվում են` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, ԶԼՄ - ների ներկայացուցիչներ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ գրասենյակ` 52 36 04 կամ 099 904 804 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն` հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Սեպտեմբեր 11, 2014 at 16:09
