

ԷկոԼուր
«Ներկայումս համաշխարհային գործընթացներում մրցում են երկու կարևոր սցենար՝ «Կայուն զարգացում բոլորի համար» և «Ոսկե միլիարդի» գաղափարախոսությունը: Այսինքն, ռեսուրսները բավարար չեն 7 միլիարդ բնակչության համար, և մոլորակի վրա պետք է մնա «Ոսկե միլիարդը» և այնքան մարդ, ինչքան անհրաժեշտ է նրանց սպասարկելու համար: Հայաստանը հայտարարել է «Կայուն զարգացում բոլորի համար», բայց կարծես թե մեզ հաջողվում է մի առանձին պետության մեջ իրականացնել «Ոսկե միլիարդի» գաղափարախոսությունը. պետք է մնան օլիգարխները և այնքան մարդ, ինչքան պետք է նրանց սպասարկելու համար»,- հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից կազմակերպած «Փոթորկուն տասնամյակը (2016-2026 թթ.) և Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ:
Կարինե Դանիելյանը մտահոգվեց, որ ներկայիս վարած քաղաքականության արդյունքում Հայաստանին սպառնում է էկոլոգիկան աղետ: «Վերջերս ես ծանոթացա առողջապահության նախարարության տվյալներին. անկախության տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդացությունը կրկնապատկվել է: Որևէ երկիր այդպիսի ցուցանիշներ ցույց չի տալիս: Աննորմալ ծննունդները կրկնապատկվել են, և եթե այսպես շարունակենք, շուտով մենք կունենանք փախստականներ ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլ էկոլոգիական խնդիրների պատճառով… Մենք հաճույքով գնացինք միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխումների ճանապարհով: Իսկ հիմա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց, որ բարեփոխումները սխալ են ընթացել, և երկրները քանդվել են այդ բարեփոխումների արդյունքում...Ո՞ւր են մեզ տանում, ո՞վ է տանում, ո՞ւմ հետևից ենք գնում. այդ հարցերին մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք», - եզրափակեց Կարինե Դանիելյանը:
Փետրվար 22, 2016 at 17:11
