

ԷկոԼուր
Ներքաղաքական գործընթացները, որոնք կապված են 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական կառույցի ձեւավորման հետ, ազդեցին ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված «Ռիո +20» գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության վրա: Ինչպես հայտնի է, գագաթաժողովի հիմնական թեմաներն են` կանաչ տնտեսություն, կայուն զարգացում եւ պայքար աղքատության դեմ:
Երկրների ներկայացուցչությունների մակարդակը շատ տարբեր է: Հնարավոր է` դա կախված է այն բանից, թ ինչ են երկրներն ակնկալում գագաթաժողովից: Այսպես, ռուսական պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Թուրքմենստանի պատվիրակությունը` նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնում է նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Իր ելույթում նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի և արձանագրությունների և այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ: Նա նաեւ ասել է. «Հազարամյակի հռչակագրի կարևոր մաս նվիրված է անվտանգության և կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:
Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:
Այսօր, մենք ականատես ենք հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը»:
Հունիս 21, 2012 at 17:27


