Տիգրան Սարգսյանը ծխախոտի օգտագործումը շատ ավելի լուրջ խնդիր է համարում, քան բնապահպանականը

Տիգրան Սարգսյանը ծխախոտի օգտագործումը շատ ավելի լուրջ խնդիր է համարում, քան բնապահպանականը

ԷկոԼուր 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծխախոտի օգտագործումը շատ ավելի լուրջ խնդիր է համարում, քան բնապահպանականը: Նոյեմբերի 21-ին վարչապետն անդրադարձավ այս հարցին, երբ կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց «Գովազդիմասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին,  որի նպատակն է  օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Ինչպես գրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, վարչապետ

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ  չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է,  վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:  «Ինձ համար մի փոքր զարմանալի է, քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու  հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի»,- մասնավորապես ասել է Տիգրան Սարգսյանը:

Անշուշտ, ծխախոտը վնասակար է մարդու առողջության համար: Համոզված ենք, որ բնապահպաններն էլ են դեմ ծխելուն, սակայն բնապահպանական խնդիրները ոչ պակաս վտանգավոր են մարդկանց առողջության համար: Հանքարդյունաբերությունը, թունավոր թափոնները, օդի աղտոտվածությունը ծանր եւ տոքսիկ տարրերով եւ փոշով, անտառների հատման հետեւանքով թթվածնի պակասը, թունավոր նյութերով աղտոտված գետերի ջրերով գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը եւ էկոլոգիապես ոչ մաքուր գյուղմթերքի յուրացումը նույնպես վնաս են մարդկանց առողջության համար: Դրանք առաջացնում են մի շարք օնկոլոգիական, վերին շնչուղիների, սրտանոթային, ալերգիկ հիվանդություններ, որոնց արդյունքում ամեն օր մարդ է մահանում: Իսկապես, ռիսկերը համադրելի չեն: 

Նոյեմբեր 22, 2013 at 12:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր