Շրջակա միջավայրի նախարարը մի շարք խախտումներ է արձանագրել Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երում

Շրջակա միջավայրի նախարարը մի շարք խախտումներ է արձանագրել Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երում

Եղեգիս գետի վրա գտնվող փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների մի շարք առերևույթ խախտումներ են արձանագրվել: Խախտումները բացահայտվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ օրերս Եղեգիսի կիրճում իրականացրած շրջայցի ընթացքում: Գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին, անհրաժեշտ է կիրառել ամենախիստ վարչարարությունը` ոլորտը վերջնականապես կարգավորելու համար, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ բոլոր խախտումներն արձանագրվել են, կկազմվի համապատասխան արձանագրություն։ Նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերին, մասնավորապես` ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարմանը, ձկնանցարանների և այլ ենթակառուցվածքների համապատասխանությանը քաղաքաշինական չափորոշիչներին, սահմանված էկոլոգիական թողքի պահպանությանը և գործունեության իրականացման համապատասխանությանը տեխնիկատնտեսական հիմնավորմանը, ինչպես նաև ծանոթանալ ոռոգման նպատակով կատարվող ջրառի խնդիրներին:

Այցից հետո Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների հետ, հանձնարարել է ուսումնասիրել՝ արդյոք Եղեգիս գետի վրա գործող ՓՀԷԿ-երի գործունեությունն իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջներին համապատասխան, շեղումներ և անհամապատասխանություններ հայտնաբելու դեպքում տալ իրավական ընթացք՝ ընդհուպ մինչև ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշմամբ սահմանված ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, խստացնել օրենսդրության պահանջները՝ ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները։ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով Եղեգիս գետի վրա գտնվող փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի անդամներին էլ հանձնարարվել է սեղմ ժամկետում իրականացնել ՀՀ ՓՀԷԿ-երի գործունեություն կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի մշակումն ու ներկայացումը։

Նշենք, որ Եղեգիս գետի և նրա վտակների վրա գործում է էլեկտրաէներգիա արտադրության լիցենզավորված 14 կազմակերպությունների 17 ՓՀԷԿ, որոնց  ընդհանուր հզորությունը կազմում է 42595,2 կվտ, տարեկան արտադրությունը՝ 99,255 մլն․կվտ/ժ, իսկ նրանց խողովակաշարի  ընդհանուր դերվացիայի երկարությունը՝ 36576,5 մ։ Այդ ՓՀԷԿ-երն են ՛«Եղեգիս»  և «Հերմոն»  («Էլեգիս Հ.Է.Կ.» ՍՊԸ ), «Եղեգիս-1» (Բազենք» ՓԲԸ ), «Կարակայա» («ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ ), «Սուրբ աղբյուր» և «Վայոց» («ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ,), «Սանռայս» (ՍԱՆՌԱՅԶ ԷԼԵԿՏՐԻԿ» ՓԲԸ), «Եղեգնաձոր»  և «Եղեգնաձոր ՓՀԷԿ» («ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ), «Վարդահովիտ» («ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ), «Գողթանիկ», («Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ,), «Եղեգիս-3» («ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ), «Եղեգիս-2» («ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ, «Նանե» ( «ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ), «Եղեգ, ՓՀԷԿ» («ԵՂԵԳ ՀԷԿ» ՍՊԸ), «Տիգրան Մեծ» (ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ), «Արտավան» («ՋԱՀՈՒԿ» ՍՊԸ): Բուն Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի շահագործման  արդյունքում գետն իր երկարության 51.46% հատվածում հոսում է  ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների միջով:

Սեպտեմբեր 03, 2021 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր