«Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար

«Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ լավագույն ժամանակներ է ապրում։ Դրանում իրենց դերն ունեն ատոմակայանի ու Հրազդանի 5-րդ բլոկի շահագործման դադարները, ինչպես նաև Արցախից էլեկտրաէներգիայի ներմուծման դադարեցումը։

Եթե առաջին երկուսը ընթացիկ լուծվող խնդիրներ են, ապա Արցախի խնդիրն ավելի խորն է․ այնտեղ շահագործված ՀԷԿ-երի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՀէԿ-երը ջրվեցին

Փետրվարի 18-ին ադրբեջանական մամուլը պարծենում էր, թե Իլհամ Ալիևի հրամանով օրերի ընթացքում «վերականգնել են Գյուլեբիրդի ՀԷԿ-ի աշխատանքը»։ Հակահայկական քարոզի շրջանակում նույն հոդվածներում նշվում էր, թե հայերը բարբարոս են եղել, քանդել են ՀԷԿ-ը և այլն։

Ադրբեջանցիների ասած Գյուլեբիրդը հայկական Ծիծեռնավանք գյուղն է, որ Ադրբեջանին է անցել պատերազմի ընթացքում։ Այնտեղի «Աղավնո» ՀԷԿ-ը գործում էր 2019 թ-ից, ունի 4.525 մՎտ դրվածքային հզորություն, ու շուրջ 38 մլն կՎտ⋅ժ էլեկտրաէներգիա պետք է արտադրեր տարեկան։

Հիմա «Աղավնոն» Ադրբեջանի վերահսկողության տակ է, ինչպես և 29 այլ ՀԷԿ-եր, որոնք գտնվում են այն տարածքներում, որոնք էլ մարտական գործողությունների ընթացքում և հատկապես դրանց հաջորդած եռակողմ համաձայնությամբ անցել են Ադրբեջանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Արցախում մինչ պատերազմը եղել է ընդհանուր 187,5 մՎտ դրվածքային հզորությամբ 36 ՀԷԿ։ Դրանցից 30-ն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախը կորցրել է ՀԷԿ-երի դրվածքային հզորության ուղիղ 60%-ը՝ 112,5 մՎտ։

Արցախի վերահսկած տարածքում մնացել է 6 ՀԷԿ՝ Սարսանգի մեծ ՀԷԿ-ը ու հինգ փոքր ՀԷԿ-եր՝ ամեն մեկը 12-13 մՎտ հզորությամբ։

Հիմա այս ՀԷԿ-երը, աշխարհագրական դիրքերով պայմանավորված, կարող են խնդիրներ ունենալ, երբ ադրբեջանցիները որոշեն խանգարել մակերեսային ջրերի ավանդական հոսքին։ Օրինակ, Սարսանգի ջրամբարը սնվում է Թարթառ գետից, որը սկիզբ է առնում եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառից։

Արցախի էներգետիկ վերականգնումը

Ներկայում Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի մի մասը ստացվում է Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ նույնպես խնդիրներ կան, քանի որ մինչ պատերազմը էլեկտրաէներգիայի փոխանակումն իրականացվում էր երկու գծով։

Սոթք-Քարվաճառ ճանապարհի շինարարությանը զուգահեռ 2015-2016 թթ․ կառուցվել էր Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գիծը։ Այն զգալիորեն թեթևացրել էր մինչ այդ միակ՝ 1965 թ․ կառուցված Շինուհայր-Ստեփանակերտ գծի բեռնվածությունը։ Պատերազմից հետո, սակայն, Հայաստանն Արցախին կապող միակ գիծն անցնում է Բերձորի միջանցքով, ինչը նվազեցնում է կապի հուսալիությունը։

Պատերազմից հետո խզվել էր կապը նաև Մարտունու շրջանի հետ։ Այնտեղի էլեկտրամատակարարումն իրականացվում էր Շուշիով անցնող գծի միջոցով, որն ադրբեջանցիները ավիրել էին պատերազմի ժամանակ։

Նոյեմբերին հայտարարվեց, որ Մարտունին էլեկտրաէներգիայով ապահովելու համար այնտեղ կկառուցվի 5 մՎտ հզորությամբ ՋԷԿ։ Ապրիլին «Ամփոփ Մեդիայի» հարցմանը պատասխանելիս, սակայն, Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը պատասխանել է, որ Մարտունու շրջանում ՋԷԿ-ի կառուցման համար եղել են միայն քննարկումներ։

Մայիսին էլ նա Civilnet-ին հայտնել էր, որ խրախուսելու են էներգախնայող լամպերի ու արևային ջրատաքացուցիչների օգտագործումը, ֆոտովոլտային կայանների տեղադրումը և այլն։ Արցախի էներգետիկան վերականգնելու համար կան նաև հստակ ծրագրեր։ Եվ դրանք կրկին պտտվում են ջրային էներգետիկայի շուրջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսին հայտնել է, որ Մարտակերտի Գետավան համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել 17,6 մՎտ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը։ Դրա կառուցումը կիրականացվի Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով։

Կա նաև երկրորդ խոշոր ՀԷԿ-ի կառուցման ծրագիր, այս անգամ՝ Սարսանգ-Մատաղիս հատվածում։ Դրա մասին նույնպես հայտնել է Արցախի նախագահը։ Նոր 25 մՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցումից հետո, ըստ Հարությունյանի, Արցախը նորից ինքնաբավ կդառնա էլեկտրաէներգիայի հարցում։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

www.ampop.am

Սեպտեմբեր 13, 2021 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր