«Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար

«Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ լավագույն ժամանակներ է ապրում։ Դրանում իրենց դերն ունեն ատոմակայանի ու Հրազդանի 5-րդ բլոկի շահագործման դադարները, ինչպես նաև Արցախից էլեկտրաէներգիայի ներմուծման դադարեցումը։

Եթե առաջին երկուսը ընթացիկ լուծվող խնդիրներ են, ապա Արցախի խնդիրն ավելի խորն է․ այնտեղ շահագործված ՀԷԿ-երի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՀէԿ-երը ջրվեցին

Փետրվարի 18-ին ադրբեջանական մամուլը պարծենում էր, թե Իլհամ Ալիևի հրամանով օրերի ընթացքում «վերականգնել են Գյուլեբիրդի ՀԷԿ-ի աշխատանքը»։ Հակահայկական քարոզի շրջանակում նույն հոդվածներում նշվում էր, թե հայերը բարբարոս են եղել, քանդել են ՀԷԿ-ը և այլն։

Ադրբեջանցիների ասած Գյուլեբիրդը հայկական Ծիծեռնավանք գյուղն է, որ Ադրբեջանին է անցել պատերազմի ընթացքում։ Այնտեղի «Աղավնո» ՀԷԿ-ը գործում էր 2019 թ-ից, ունի 4.525 մՎտ դրվածքային հզորություն, ու շուրջ 38 մլն կՎտ⋅ժ էլեկտրաէներգիա պետք է արտադրեր տարեկան։

Հիմա «Աղավնոն» Ադրբեջանի վերահսկողության տակ է, ինչպես և 29 այլ ՀԷԿ-եր, որոնք գտնվում են այն տարածքներում, որոնք էլ մարտական գործողությունների ընթացքում և հատկապես դրանց հաջորդած եռակողմ համաձայնությամբ անցել են Ադրբեջանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Արցախում մինչ պատերազմը եղել է ընդհանուր 187,5 մՎտ դրվածքային հզորությամբ 36 ՀԷԿ։ Դրանցից 30-ն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախը կորցրել է ՀԷԿ-երի դրվածքային հզորության ուղիղ 60%-ը՝ 112,5 մՎտ։

Արցախի վերահսկած տարածքում մնացել է 6 ՀԷԿ՝ Սարսանգի մեծ ՀԷԿ-ը ու հինգ փոքր ՀԷԿ-եր՝ ամեն մեկը 12-13 մՎտ հզորությամբ։

Հիմա այս ՀԷԿ-երը, աշխարհագրական դիրքերով պայմանավորված, կարող են խնդիրներ ունենալ, երբ ադրբեջանցիները որոշեն խանգարել մակերեսային ջրերի ավանդական հոսքին։ Օրինակ, Սարսանգի ջրամբարը սնվում է Թարթառ գետից, որը սկիզբ է առնում եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառից։

Արցախի նախկին էներգիան

Նախորդ տարիներին Արցախում էլեկտրաէներգիայի արտադրությունն այնքան արագ է աճել, որ 2018-ից Արցախը ինքնաբավ է դարձել այս հարցում, սկսվել է «արտահանումը» Հայաստանի Հանրապետություն։ (ՀՀ-ից Արցախ էլէներգիայի մատակարարումները ոչ մշտական ռեժիմով շարունակվել են՝ էներգետիկ ռեժիմի կարգավորման համար)։


2020 թ․ ոլորտի աճը, ընդհանուր տարվա կտրվածքով վերցրած, խիստ դանդաղել է։ Պատճառը, բնականաբար, պատերազմն է եղել։ Մասնավորապես, տարվա ընթացքում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 85 %-ը (458 / 538,6 մլն կՎտ⋅ժ) ստացվել էր հունվար-սեպտեմբերին՝ մինչև մարտական գործողությունների մեկնարկը։

Համեմատության համար նշենք, որ 2019 թ․ նույն ամիսներին ստացվել էր տարվա ընթացքում արտադրվածի ընդամենը 65,5 %-ը (314,1 / 479,3 մլն կՎտ⋅ժ)։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր՝ Արցախից Հայաստան կներկրվի 330 մլն կՎտ⋅ժ էլեկտրաէներգիա: Այս ցուցանիշը իրատեսական էր այն բանից հետո, երբ վերջին տարիներին Արցախում բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման լիցենզիաներ էին տրվել։

Հետևանքները

ՀՀ արտահերթ ընտրություններին հաջորդած՝ հունիսի լույս 21-ի գիշերը՝ հենց քվեների հաշվարկման ժամանակ, անջատվեց Հայաստանի ամբողջ հյուսիսի էլեկտրամատակարարումը։ ՀԷՑ-ից պարզաբանեցին, որ դա եղել է Վրաստանի գծի անջատման պատճառով։

Մեկ այլ «վթարանման բան» եղավ հաջորդ օրերին։ Հունիսի 22-ին նաև Վեոլիա ջուրը հայտարարեց, որ ջրամատակարարման դադարներ կլինեն իրենց պոմպակայաններին մատակարարվող էլեկտրականության լարման անկման պատճառով։ ՀԷՑ-ից հերքեցին դա ու հակադարձ մեղադրեցին Վեոլիա ջրին։ Վերջինս կրկին մեղադրեց ՀԷՑ-ին։ ՀԷՑ-ը կրկին մեղադրեց Վեոլիա ջրին։ Հետո ՀԾԿՀ-ում տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում հրապարկվեց հաղորդագրություն, ըստ որի․

«․․․ խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է․

  • մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության,
  • էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի,

որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում»:

Այսինքն, էլեկտրամատակարարումը դեպքերից առնվազն մեկի ժամանակ չի դիմացել բարձր ծանրաբեռնվածությանը։ Ֆեյսբուքում այս դեպքերըը կապեցին հենց արցախյան ՀԷԿ-երի կորստի հետ (հղում 1հղում 2

Իրականում համընկել էին ևս մի քանի պատճառներ։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ կան հսկաներ՝ Մեծամորի ատոմակայանը և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Նախկինում դրանք մեկը մյուսին փոխարինում էին, էլեկտրաէներգիայի արտադրությունը կայուն էր։

Սակայն, ինչպես երևում է գրաֆիկից, հունիսին այդ երկու աղբյուրներն էլ չեն թողարկել էլետրաէներգիա։

Ծանրաբեռնվածությունն ընկել է մյուս աղբյուրների վրա, բայց արդյունքը եղել է ռեկորդային ցածր․ ամսական կտրվածքով վերջին երեք տարիների ամենաքիչ էլեկտրաէներգիան է արտադրվել։

Այն, որ Արցախի ՀԷԿ-երը կարող էին օգնության հասնել, հուլիսին նշեց նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Արմենպրեսի հետ զրույցում նա ասաց, որ վերջին տասը տարում չէր եղել իրավիճակ, երբ միաժամանակ կանգնեին և՛ ատոմակայանը, և՛ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։

Դրան, ըստ Վարդանյանի, գումարվել էին շոգ եղանակները, որոնց հետևանքով մարդիկ ավելի շատ էին միացնում օդորակիչները, ավելի շատ էին սպառում էլեկտրաէներգիա։ Իսկ Արցախը, որտեղից այս տարվա կանխատեսմամբ պետք է ստացվեր 330 մլն կՎտ⋅ժ էլեկտրաէներգիա, կորցրել էր էլեկտրաէներգիա արտադրող ՀԷԿ-երի մեծ մասը։

Արցախի էներգետիկ վերականգնումը

Ներկայում Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի մի մասը ստացվում է Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ նույնպես խնդիրներ կան, քանի որ մինչ պատերազմը էլեկտրաէներգիայի փոխանակումն իրականացվում էր երկու գծով։

Սոթք-Քարվաճառ ճանապարհի շինարարությանը զուգահեռ 2015-2016 թթ․ կառուցվել էր Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գիծը։ Այն զգալիորեն թեթևացրել էր մինչ այդ միակ՝ 1965 թ․ կառուցված Շինուհայր-Ստեփանակերտ գծի բեռնվածությունը։ Պատերազմից հետո, սակայն, Հայաստանն Արցախին կապող միակ գիծն անցնում է Բերձորի միջանցքով, ինչը նվազեցնում է կապի հուսալիությունը։

Պատերազմից հետո խզվել էր կապը նաև Մարտունու շրջանի հետ։ Այնտեղի էլեկտրամատակարարումն իրականացվում էր Շուշիով անցնող գծի միջոցով, որն ադրբեջանցիները ավիրել էին պատերազմի ժամանակ։

Նոյեմբերին հայտարարվեց, որ Մարտունին էլեկտրաէներգիայով ապահովելու համար այնտեղ կկառուցվի 5 մՎտ հզորությամբ ՋԷԿ։ Ապրիլին «Ամփոփ Մեդիայի» հարցմանը պատասխանելիս, սակայն, Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը պատասխանել է, որ Մարտունու շրջանում ՋԷԿ-ի կառուցման համար եղել են միայն քննարկումներ։

Մայիսին էլ նա Civilnet-ին հայտնել էր, որ խրախուսելու են էներգախնայող լամպերի ու արևային ջրատաքացուցիչների օգտագործումը, ֆոտովոլտային կայանների տեղադրումը և այլն։ Արցախի էներգետիկան վերականգնելու համար կան նաև հստակ ծրագրեր։ Եվ դրանք կրկին պտտվում են ջրային էներգետիկայի շուրջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսին հայտնել է, որ Մարտակերտի Գետավան համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել 17,6 մՎտ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը։ Դրա կառուցումը կիրականացվի Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով։

Կա նաև երկրորդ խոշոր ՀԷԿ-ի կառուցման ծրագիր, այս անգամ՝ Սարսանգ-Մատաղիս հատվածում։ Դրա մասին նույնպես հայտնել է Արցախի նախագահը։ Նոր 25 մՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցումից հետո, ըստ Հարությունյանի, Արցախը նորից ինքնաբավ կդառնա էլեկտրաէներգիայի հարցում։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

www.ampop.am

Սեպտեմբեր 13, 2021 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր