Հայաստանում նախատեսվում է զարգացնել կենսավառելիքի արտադրության ոլորտը

Հայաստանում նախատեսվում է զարգացնել կենսավառելիքի արտադրության ոլորտը

Հայաստանում նախատեսվում է զարգացնել կենսավառելիքի արտադրության ոլորտը: ՀՀ կառավարությունն իրավական ակտերի միասնական համակարգում քննարկման է դրել «Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։  

Որոշման նպատակն է կենսավառելիքի (բրիկետ, պալետ, կենսագազ) արտադրության և գործածության ոլորտի զարգացման արդյունքում լուծել կամ հնարավորինս մեղմել պետական և հասարակական նշանակության մի շարք խնդիրներ՝ մասնավորապես շրջակա միջավայրի (անտառհատում և անտառային հրդեհներ, հանածո վառելիքի գործածություն),  սոցիալ-տնտեսական և ֆինանսական ոլորտներում։

Որոշման նախագծով նախատեսում է որպես այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուր օգտագործել Հայաստանում առկա կենսառեսուրսների բավականաչափ պաշարները և այդ հենքով երկրում զարկ տալ կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտին։ Կենսազանգվածի հնարավոր աղբյուրներն են դիտարկվում հացազգիների բերքահավաքից հետո առաջացող ծղոտը, չոր խոտի մնացորդները, հատիկաընդեղենային, տեխնիկական և բանջարանոցային մշակաբույսերը, պտղատու, հատապտղատու և խաղողի այգիներից էտի արդյունքում առաջացող ճյուղերը, ինչպես նաև անասնապահական տնտեսություններում առաջացող գոմաղբը։ Ըստ նախագծի` այդ կարգի կենսազանգվածի գումարային ծավալը գնահատվում է տարեկան ավելի քան 544.000 տոննա, ինչը բավարար է մոտ 2.300 ՏՋ էներգիա ստանալու համար։ Էներգաարդյունավետ վառարանների և կաթսաների կիրառման պարագայում էներգիայի քանակը հնարավոր է ավելացնել ևս 30 տոկոսով։

Համաձայն նախագծի՝ բացի առկա կենսազանվածի օգտագործումը, նախատեսվում է նաև   էներգետիկ մշակաբույսերի՝ ուռենու տեղական և ներմուծված տեսակների, չինական եղեգի (Miscanthus) ցանքատարածությունների և տնկարկների հիմնում ու դրանցից ստացված կենսազանգվածի արտադրության կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն գյուղատնտեսական նպատակների համար ոչ պիտանի (աղակալված, խիստ դեգրադացված, քարքարոտ և այլ տիպի) հողեր։

Այս որոշման կատարումն ապահովելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետք է մշակվեն և մինչև 2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակը ՀՀ կառավարություն ներկայացվեն 7 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Ապրիլ 29, 2022 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր