Եվրոպան մտադիր է զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևային և հողմային էներգետիկան ջերմոցային գազերի արտանետումները էներգետիկայի ոլորտում կրճատելու և ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար:
Եվրոպայում ջերմոցային գազերի 71%-ը էներգետիկայի ոլորտից է: Եվրոպան մտադիր է ջերմոցային գազերի արտանետումները հասցնել 55%-ի 2050թ-ի դրությամբ` իր «Կանաչ գործարքի» (European Green Deal) շրջանակներում:
Վերականգնվող էներգետիկայի զարգացումն իր հետ բերելու է ռիսկեր շրջակա միջավայրի համար:
Եվրոպայի բնապահպանական բյուրոն (EEB), որը Եվրոպայում բնապահպանական կազմակերպությունների ամենամեծ ցանցն է, մշակում է քաղաքականություն, թե ինչպես Եվրամիությունը կարող է, օգտագործելով «Փարիզյան համաձայնագրի հետ համատեղ սցենար նախագծի» արդյունքները, զարգացնել վերականգնվող էներգետիկան Եվրոպայում, որը չի վնասի բնությանը, այլ նաև դրական ազդեցություն կունենա:
Մայիսի 3-ին «EEB Policy Brief: Policy measures towards nature positive renewable energy in the EU using PAC scenario results» փաստաթղթի նախագիծը քննարկվեց EEB-ի անդամ և ոչ անդամ հասարակական կազմակերպությունների հետ հեռավար եղանակով: Քննարկմանը մասնակցեց նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը:
Փաստաթղթի համաձայն՝ արևային և հողմային էներգետիկայի զարգացման ռիսկերից են հողատարածքների մեծ մասնաբաժինների ներգրավումը՝ ԵՄ «Կանաչ գործարքին» և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար: Դա կարող է հանգեցնել կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունների, և ոլորտը կարող է մրցակցել սննդի արտադրության հետ, եթե համապատասխան երաշխիքներ չկիրառվեն:
Նոր կայանների տուրբինների, արևային մարտկոցների և անհրաժեշտ այլ ակտիվների արտադրության համար հումքի՝ պղնձի, ցինկի, սիլիցիումի, լիթիումի և նեոդիմի պահանջարկը կմեծանա: Մետաղների արդյունահանումը և վերամշակումը կարող է բերել բույսերի աճելավայրերի ոչնչացման՝ հանգեցնելով տեղական կենսաբազմազանության կորստի: Մտահոգիչ են նաև այլ խնդիրներ, ինչպիսիք են հողի աղտոտումը, էրոզիան, ջրային ռեժիմի փոփոխությունը և գազերի կամ փոշու արտանետումները: Հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքների հետևանքով առաջացած ծանր մետաղներով աղտոտումը կարող է երկարաժամկետ հետևանքներ առաջացնել՝ հանքերի թթվային դրենաժ, ստորերկրյա ջրերի, խոնավ տարածքների և այլ ջրային համակարգերի աղտոտում: Կենսաէներգիայի դեպքում էլ CO2-ի զանգվածային արտանետումներ կլինեն էլեկտրակայաններում կենսազանգվածի այրման ժամանակ, ինչպես նան ծառահատումներ, որոնք նույնպես վնասակար են կենսաբազմազանության, հողի և էկոհամակարգի համար:
Կայանների կառուցումը կհանգեցնի թափոնների ավելացմանն ինչպես հանքարդյունաբերության ոլորտում, այնպես էլ էներգետիկայի: Եվրոպայի համար մինչև 2050 թվականը 100,000 նոր հողմային տուրբինների տեղադրումը կհանգեցնի ևս 730,000 տոննա էլեկտրոնային թափոնների առաջացման: Աշխարհի 3500 լայնածավալ հանքարդյունաբերական ձեռնարկություններ արտադրում են տարեկան ավելի քան 100 միլիարդ տոննա պինդ թափոններ՝ հանքարդյունաբերության թափոնները դարձնելով համաշխարհային թափոնների ամենամեծ հոսքը: Հետևաբար, անհրաժեշտ է ռեսուրսների ռացիոնալ օգտագործում հումքի կարիքը նվազեցնելու համար: Ազդեցություն կկրեն նաև ազդակիր համայնքները:
Փաստաթղթում նշված գլխավոր առաջարկը էներգաբավությունն է (էներգիայի օգտագործման կրճատում) և արդյունավետությունը (էներգիայի վատնման բացառում):
Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ առաջարկները հողմային, արևային, հիդրոէներգետիկայի և կենսաէներգետիկայի ոլորտների համար.
Հողմային էներգետիկա
- էներգաարդյունավետությունը պետք է լինի առաջին տեղում,
- բացառել պահպանվող տարածքներում (ցամաքում և ծովում) կայանների տեղադրումը, սա պետք է ներառի հարակից տարածքները,
- պետական «կանաչ» գնումներ պետք է օգտագործվեն,
- տեղական համայնքները պետք է ներգրավված լինեն պլանավորման և սեփականության հարցերում:
Արևային էներգետիկա
- Ֆոտովոլտային կայանները երբեք չպետք է կառուցվեն ի հաշիվ սննդի կամ կերերի արտադրության,
- որոշ դեպքերում ագրո-ֆոտովոլտային կայանները կարող են դրական դեր խաղալ գյուղատնտեսական արտադրության համար,
- որոշ չափանիշների համաձայն՝ ագրո-ֆոտովոլտային կայանները կարող են դրական շարժիչ ուժ հանդիսանալ դեգրադացված տարածքներում հողի որակի և կենսաբազմազանության բարելավման համար,
- արդյունաբերական տարածքները պետք է լինեն առաջնահերթություն այս կայանների տեղադրման համար,
- տանիքների վրա վահանակների տեղադրումը միշտ պետք է նախընտրելի լինի,
- պետական «կանաչ» գնումներ պետք է օգտագործվեն,
- տեղական համայնքները պետք է ներգրավված լինեն պլանավորման և սեփականության հարցերում:
Հիդրոէներգետիկա
- 150+ ՀԿ-ներ կոչ են արել Եվրոպայում նոր հիդրոէլեկտրակայաններ չկառուցել, քանի որ ԵՄ-ն կարող է մինչև 2040 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ առանց նոր հիդրոէլեկտրակայանների վրա հենվելու (բայց նախատեսվում է 5500+ հիդրոէներգետիկ ծրագիր, 1/3-ը՝ պահպանվող տարածքներում),
- ԵՄ-ն և ֆինանսական հաստատությունները պետք է դադարեցնեն պետական ֆինանսավորումը և խթանները նոր հիդրոէներգետիկ նախագծերի համար (օրինակ, փոքր հիդրոէլեկտրակայաններին պետական օգնությունը) և այն վերահասցեավորեն գոյություն ունեցող կայանների էկոլոգիական խնդիրների վերացմանը, օրինակ, հնացած ամբարտակների հեռացմանը,
- գոյություն ունեցող որոշ կայանների էկոլոգիական վերանորոգումը կարող է լավ փորձի օրինակներ առաջարկել, ինչպես նաև հնացած խոչընդոտները վերացնել:
Կենսաէներգետիկա
- Լիարժեք համապատասխանություն կասկադային սկզբունքին,
- միայն այն կենսազանգվածը, որը ստացվում է թափոններից, որոնք չունեն այլընտրանքային կիրառություն կամ արժեք, պետք է համարվեն կայուն,
- անտառից ուղղակիորեն ստացված կենսազանգվածի բացառում,
- կենսազանգվածի այրման հետ կապված արտանետումների ճիշտ հաշվառում,
- բնակելի և երրորդական ջեռուցման համակարգերից պինդ կենսազանգվածի աստիճանաբար վերացում մինչև 2045թ.,
- բացասական արտանետումներով տեխնոլոգիաները (ածխածնի որսում, պահեստավորում և օգտագործում) կենսաէներգետիկան կայուն չեն դարձնում:
Առաջարկներից է նաև բնապահպանական խնդիրները հաղթահարելու համար բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանության նշաձողը էներգետիկ նախագծերի թույլտվությունների տրամադրման համար՝ չվնասելով ԵՄ-ում անհրաժեշտ վերականգնվող էներգետիկ կայանների տեղակայման արագությունը: Վերականգնվող էներգիայի անցումը չպետք է պատրվակ լինի հանքարդյունաբերական հումքն ավելացնելու համար: Փոխարենն անհրաժեշտ է անցում դեպի այն մոդելին, որը հիմնված է էներգիայի և նյութական կարիքների կրճատման, վերաօգտագործման և վերամշակման վրա:
Մայիս 06, 2022 at 12:51