

Շուտով Հայաստանում շահագործվող հիդրոէլեկտրակայանները օգտագործած ջրի համար բնօգտագործման վճար կվճարեն: Հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Շրջակա միջավայր նախարարության մշակած՝ ջրային ոլորտի վերաբերյալ օրենսդրական փաթեթին, որով ի թիվս մի շարք լրացումների և փոփոխությունների, նախատեսվում է բնօգտագործման վճարի գանձում հիդրոէլեկտրակայաններից: Այն կկազմի 0,1 դրամ 1 խմ-ի համար: «Վերլուծությունն ու հաշվարկները փաստում են, որ 2017-2019թթ.-ին հիդրոէլեկտրակայանների կողմից օգտագործված ջրի ծավալը միջինում կազմել է 6,2 միլիարդ խմ։ Հետևաբար, սահմանված դրույքաչափով բնօգտագործման վճարներից պետբյուջեի մուտքերը տարեկան կավելանան մոտավոր 620 միլիոն դրամով»,- նշված է ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ:
Նման որոշման համար որպես հիմնավորում նույն աղբյուրում նշված է. «ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հիդրոէլեկտրակայանները չեն հանդիսանում ջրօգտագործող՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ջրօգտագործման արդյունքում օգտագործված ջուրը կրկին վերադարձվում է ջրային ռեսուրս։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում գետային էկոհամակարգերին՝ հանգեցնելով ճգնաժամային վիճակի։ Պատվարների, դերիվացիոն խողովակների կառուցումն առաջացնում է բնական ջրահոսքի խոչընդոտում և շեղում, ջրային ռեսուրսի ափերի, հոսքի և հատկությունների, ինչպես նաև ջրի քանակական փոփոխություններ։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի՝ ջրօգտագործում է համարվում ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը։ Հետևաբար, հիդրոէլեկտրակայանները չեն կարող չհամարվել ջրօգտագործող և ազատվել բնօգտագործման վճարից»:
Հայաստանոմ շահագործվում են Սևան-Հրազդան և Որոտան հիդրոհամալիրները և 189 փոքր ՀԷԿ:
Հունիս 02, 2022 at 18:59