«Գրին Էներջի Ամերիկյան կոնցեռն» ՍՊԸ-ի պատասխանը «Եղեգիս գետի զավթիչները» նյութում «Գոռնար» ՓՀԷԿ-ի վերաբերյալ անդրադարձին

«Գրին Էներջի Ամերիկյան կոնցեռն» ՍՊԸ-ի պատասխանը «Եղեգիս գետի զավթիչները» նյութում «Գոռնար» ՓՀԷԿ-ի վերաբերյալ անդրադարձին

www.ecolur.org կայքում սույն թվականի հունիսի 6-ին հրապարակվել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ի հեղինակային  «Եղեգիս գետի զավթիչները» նյութը: Ի թիվս մի շարք փոքր ՀԷԿ-երի նյութում  ներկայացվել է «Գոռնար» ՓՀԷԿ-ի վերաբերյալ տեղեկություն՝ վերցված Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակից: «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակից տեղեկանում ենք, որ մասնավորապես, «Գոռնար» ՓՀԷԿ-ում բացակայել է կեղտաջրերի հեռացման համար նախագծով նախատեսված անջրաթափանց հորը։ Ջրառի կետում ջրաչափեր առկա չեն, ինչը հնարավորություն չի տալիս Արփա գետից ջրառի ծավալի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալ։ «Գոռնար» ՓՀԷԿ-ը շահագործվում է «Գրին Էներջի Ամերիկան կոնցեռն»-ի կողմից, որը 2020 թվականի ապրիլի 22 –ից պատկանում է «Ինվայերմենթլ Քնթրոլ Փրոդաքթս»-ին, որը գտնվում է ԱՄՆ-ի Վայոմինգ, Շայեն, Պրոներ Պողոտայում»: Այս կապակցությամբ  ԷկոԼուրը նամակ է ստացել «Գրին Էներջի Ամերիկյան Կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն ՝ ՀՀ-ում «Ինվայերմենթլ Քնթրոլ Փրոդաքթս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանից, որում նշված է.

«Ձեր կողմից սույն թվականի հունիսի 6-ին հրապարակված հոդվածը https://www.ecolur.org/hy/news/water/14038/, որում առկա է անդրադարձ «Գրին Էներջի Ամերիկյան Կոնցեռն» ՍՊԸ ընկերության «Գոռնար» ՓՀԷԿ-ին, պարունակում է վերոգրյալ կայանի վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտանք, մասնավորապես. 
«Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակից տեղեկանում ենք, որ մասնավորապես, «Գոռնար» ՓՀԷԿ-ում բացակայել է կեղտաջրերի հեռացման համար նախագծով նախատեսված անջրաթափանց հորը։ Ջրառի կետում ջրաչափեր առկա չեն, ինչը հնարավորություն չի տալիս Արփա գետից ջրառի ծավալի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալ։ «Գոռնար» ՓՀԷԿ-ը շահագործվում է «Գրին Էներջի Ամերիկան կոնցեռն»-ի կողմից, որը 2020 թվականի ապրիլի 22 –ից պատկանում է «Ինվայերմենթլ Քնթրոլ Փրոդաքթս»-ին, որը գտնվում է ԱՄՆ-ի Վայոմինգ, Շայեն, Պրոներ Պողոտայում»։
«Գոռնար» ՓՀԷԿ-ը սույն թվականին ունեցել է ստուգում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, որի 12 ապրիլ 2022թ․ թիվ 35-րդ տեղեկանքը հաստատել է ՓՀԷԿ-ում խախտումներ չհայտնաբերելը։ Տեղեկանքը ներկայացվում է։
Ինչ վերաբերում է ջրաչափին, նշեմ, որ 2019 թվականի ապրիլի 26-ին տեղադրվել է ջրաչափ, որն ի դեպ, համաձայն ՋԹ-ի համապատասխան կետի՝ առցանց է։ Սույնի վերաբերյալ ներկայացնում եմ ՀՀ Բնապահպանության նախարարության ՋՌԿԳ-ի կողմից հաստատված թիվ 000098 ջրաչափի կապարակնքման ակտը։ Ջրաչափը կնքվել է ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված կարգով, հակառակ դեպքում այն չէր կարող կապարակնքվել։

Հաշվի առնելով վերոգրյալը,պահանջում եմ վերանայել հոդվածը մասնակիորեն՝ «Գոռնար» ՓՀԷԿ-ում բացակայել է կեղտաջրերի հեռացման համար նախագծով նախատեսված անջրաթափանց հորը։ Ջրառի կետում ջրաչափեր առկա չեն, ինչը հնարավորություն չի տալիս Արփա գետից ջրառի ծավալի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալ։ Սա ակնհայտ ապատեղեկատվություն է, որը ուղիղ ազդեցություն է կրում գործարար համբավի վրա»: 

Հունիս 08, 2022 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր