«Կայուն Էներգիայի շաբաթ» միջոցառման շրջանակում այս տարի Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագիրը կրող երկօրյա ուսուցողական սեմինար-միջոցառում, ոլորտային իրազեկման մեկամսյա արշավ և «Կայուն տեխնոլոգիաներ» խորագիրը կրող էքսպո-ցուցահանդես: Եվրոպական Միության Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկել կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ:
Իրազեկման մեկամսյա արշավը մեկնարկել էր օգոստոսի 1-ին, որի շրջանակում սոցիալական հարթակներում տեղադրվում էր տեղեկատվություն վերականգնվող էներգետիկայի աղբյուրների, կլիմայի փոփոխության ազդեցության և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների վերաբերյալ:
«Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագիրը կրող երկօրյա ուսուցողական սեմինար-միջոցառումն անցկացվեց Երևանի Մ․Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցում: Միջոցառման շրջանակում ընտրվել էին երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտ: Աշակերտներին փոխանցվեցին կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, էներգետիկ աուդիտ իրականացնելու վերաբերյալ տեսական գիտելիքներ, անցկացվեց կլիմայի փոփոխության վերաբերյալ բլից-հարցում: Երևանի քաղաքապետարանում աշակերտները պոստեր-պրեզենտացիայի միջոցով գնահատող հանձնաժողովին ներկայացրին իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված իրենց լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:
Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներն ամփոփվել են «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսով, որն անցկացվել է Դիանա Աբգարի անվան զբոսայգում: Շուրջ 20 տաղավարում արևային համակարգեր, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր, լուսադիոդային «լեդ» լուսատուներ արտադրող և տեղադրող ընկերությունները ներկայացրել են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված «խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ: Երևանի քաղաքապետարանն առանձին տաղավարում քաղաքացիներին ծանոթացրել է քաղաքում իրականացվող ոլորտային ծրագրերին:
Ցուցահանդեսն այցելած Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է. «Հանրային այսպիսի միջոցառումները կարևոր են մեր բնակիչների համար՝ տեղեկանալու էներգախնայողության և էներգաարդյունավետության կարևորությանը: Երևանի քաղաքապետարանը միաժամանակ մի քանի ծրագիր է իրականացնում այս բնագավառում: Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների էներգասպառումը նվազեցնելու նպատակով մենք քաղաքի ավելի քան 90 շենքում տեղադրեցինք արևային վահանակներ: Աշխատանքներ են տարվում նաև
լուսավորության արդիականացման և էներգախնայող լուսատուներով փոխարինելու նպատակով»:
Երևանի քաղաքապետարան
Նոյեմբեր 03, 2022 at 12:35