Ավելի շատ քաղաքացիներ բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրից կօգտվեն: ՀՀ կառավարությունը որոշեց երկարաձգել Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024թ. հուլիսի 1-ը: Ծրագիրի ավարտը նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ին: Այս մասին համապատասխան որոշումը գործադիրը հաստատեց սույն թվականի հունիսի 29-ի նիստում:
Էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի հետևյալ հաշվարկով՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական և քաղաքային բնակավայրերում համապատասխանաբար՝ 12%-ով և 11%-ով, Երևան քաղաքում՝ 9%-ով:
Ըստ որոշման հիմնավորման՝ 2022 թ. հունիսի 1-ից մեկնարկած ծրագրով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ Փաստացի վարկավորման գործընթացը մեկնարկել է 2022թ. օգոստոս/սեպտեմբեր ամիսներին։ Չնայած դրան, 2023թ. մայիս ամսվա ամփոփված տվյալներով շահառուների թիվ շուրջ 3000 է, որն արդեն իսկ գերազանցում է ամբողջ ծրագրի համար նախատեսված շահառուների թիվը:
Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ արդեն ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ դրամ վարկային միջոցներ են տրամադրվել՝ նախարարության հետ համագործակցում են 13 բանկեր և 13 վարկային կազմակերպություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրի նպատակներից է եղել նաև շինարարության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը: «Սրանով էներգախնայողության հարց է լուծվում, որ մեր հայրենակիցները այս ծախսերի արդյունքում ավելի քիչ կոմունալ վճարներ վճարեն և երկարաժամկետում այս վարկը իրենց համար դառնա կապիտալ ներդրում: Մենք ուզում էինք նաև զբոսաշրջության աճի ֆոնին այս ծրագիրը դառնա օգտակար, որպեսզի մարդիկ, հատկապես գյուղական բնակավայրերում կառուցած իրենց հսկայական տները, որոնց 10-20 կամ 30-50 %-ն է օգտագործվում, հարմարեցնեն այդ բնակարանի ռեալ չօգտագործվող հատվածներում հյուրատներ կառուցելու համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Էներգաարդյունավետ վերանորոգման համար առևտրային բանկերի տրամադրված վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում լինելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվում է առավելագույնը 7 տարի մարման ժամկետով:
Հուլիս 07, 2023 at 17:38