Վերականգնվող էներգետիկան Հայաստանում

Վերականգնվող էներգետիկան Հայաստանում

2022թ․ տարեվերջի դրությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա է սկսել արտադրել 60 արևային էլեկտրակայան՝ 204,8 Մվտ գումարային հզորությամբ։ Կառուցման փուլում է գտնվել 81 ՄՎտ գումարային հզորությամբ 7 արևային կայան։ 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 արևային կայաններ կգործեն էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման պայմաններում։

Այս մասին նշված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության 2022թ․ տարեկան հաշվետվությունում։

Աղբյուրի համաձայն՝ ինքնավար էներգաարտադրողների քանակը 2022թ․ տարեվերջին կազմել է 10282, ընդհանուր հզորությունը՝ 197 ՄՎտ։

Հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 15 ինքնավար խումբ։ Եվս 19  ինքնավար էներգաարտադրող օգտվել է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու հնարավորությունից։

2022թ․ ընթացքում շահագործվել է 389 ՄՎտ գումարային հզորությամբ 189 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է 77 ՄՎտ հզորությամբ 19 փոքր ՀԷԿ։ 2023թ․ հունվարի 1-ի դրությամբ 56 փոքր ՀԷկ այլևս չունի պետության կողմից էլեկտրաէներգիայի գնման երաշխիք։ Այս փոքր ՀԷԿ-երն ընդհանուր տարեկան արտադրում են շուրջ 201,6 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ վաճառելով այն էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։

2022թ․ դրությամբ առկա է 4,2 ՄՎտ հզորությամբ 4 հողմակայան, որոնցից 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում կառուցված 1320 կՎտ հզորությամբ «Զոդ Ուինդ» հողմակայանը պատերազմի արդյունքում հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո։ Կառուցման փուլում է 4 ՄՎտ հզորությամբ 1 հողմային կայան։

Վերականգնվող էներգետիկ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագները վերանայվել են 2022թ․ նոյեմբերին։ Նոր սակագները ուժի մեջ են մտել 2023թ․ հունվարի 1-ին։ Արդյունքում թվով 56 արևային կայաններից, 3 հողմային էլեկտրակայաններից, 1 կենսազանգվածից էլեկտրաէներգիա արտադրող կայանից և 136 փոքր ՀԷկ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները նվազել են 10․77-15.47 %-ով։

Հուլիս 13, 2023 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր