«ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն Շողակաթում 8,4 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցի

«ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն Շողակաթում 8,4 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցի

«ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն նախատեսում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում 8,4 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցել: 2023թ. հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, Շողակաթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ընկերության կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված հայտի՝ արևակայանը տեղակայվելու է Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում՝ 9-րդ փողոց, 34 և 35 հողամասերում։ Այն զբաղեցնելու է 12,39266 հա տարածք։ Տարածքի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակության է: Տարածքը տեղակայված է Սևանա լճի հյուսիս֊արևելյան մասում՝ Գեղամա լեռների ստորոտում, Սևանա լճից 2114,6 մ հեռավորության վրա` ծովի մակերևույթից 2105 մ բարձրության վրա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. մարտի 17-ի 80-Ա որոշման համաձայն՝ «ՄԵԳԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է ԼԷ№0722 էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչև 2045թ. մարտի 18-ը գործողության ժամկետով։  

Կայանի շահագործման համար ընկերությունը նախատեսում է նաև 110/0.8/0.8 ԿՎ 2 հատ տրանսֆորմատորային ենթակայանի և դրա սնման համար 110 ԿՎ օդային գծի կառուցում։ Կայանի համար ընտրվել է Trinasolar ֆիրմայի TSM-DEG19RC.20 մոդելի 565 Վտ հզորությամբ 17 հազար 810 հատ ֆոտովոլտային երկերես վահանակ և Huawei ֆիրմայի SUN2000-215KTL-H0 մոդելի 200 կՎտ հզորությամբ 42 հատ ներցանցային բազմաԱՀԿՈՒ փոխակերպիչ։ Տրանսֆորմատորային ենթակայանի շինությունը զբաղեցնելու է 0,060 հա տարածք։ Օդային գծի անցկացման համար օգտագործվելու են 9 հատ մետաղական հենասյուն՝ միջինը 200 մ միմյանցից հեռավորությամբ՝ 4 հատ խարսխային, 5 հատ միջանկյալ։ Կայանի առաջին տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրությունը կլինի ≈16,500 ՄՎտժ։ 

Արևային կայանի շահագործման ընթացքում առաջանալու են նաև վնասված վահանակներ և այլ խոտանված մասեր: Ընկերությունը նախատեսում է իր տարածքում արևային թափոնների ժամանակավոր պահման համար պահեստային շինություն կառուցել՝ 6x3 մ չափերի մետաղական վագոն-տնակ։ Ըստ հայտի՝ արևային կայանի ներկրված վահանակներն ունեն 10 տարվա օգտագործման երաշխիք, համաձայն որի՝ շարքից դուրս եկած կամ վնասված վահանակները հետ են վերադարձվելու արտադրող կազմակերպությանը՝ նորով փոխարինելու նպատակով։ Մնացած ժամանակահատվածում շարքից դուրս եկած պանելները կկուտակվեն պահեստարանում՝ մինչև դրանց արտահանման կամ Հայաստանի Հանրապետությունում դրանց վերամշակման հնարավորությունների ստեղծումը։  

Ըստ փաստաթղթի՝ կայանի կառուցման ժամանակ կատարվելու են արևային վահանակները կրող կոնստրուկցիաների հիմքերի համար նախատեսված հորատանցքերի և դեպի ենթակայան տանող ստորգետնյա էլեկտրական գծի անցկացման նպատակով խրամուղիների փորման, հողատարածքի ցանկապատման, ենթակայանում տրանսֆորմատորի տեղադրման, յուղընդունիչ հորի կառուցման հողային աշխատանքներ։ Կատարված հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 4416 խմ, որից հողային գրունտը՝ 2951 խմ, բուսահողը՝ 1465 խմ։ Հանված հողային գրունտն ամբողջությամբ օգտագործվելու է անցքերի և խրամուղիների ետլցման, իսկ բուսահողը՝ տարածքների վերականգնման և բարեկարգման համար։ 

Կայանի կառուցման շինարարական աշխատանքները տևելու են 2 տարի, ներգրավվելու է 35 մարդ, շահագործման փուլում՝ 4-6 աշխատող՝ մոնիթորինգ իրականացնելու նպատակով:

Հուլիս 14, 2023 at 10:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր