Սույն թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) կողմից իրականացված «Հայաստանում պարենի և էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական մշակաբույսերի ներդրման իրագործելիության» թեմայով ուսումնասիրության ներկայացում-աշխատաժողովը:
Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագիրը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանում պարենային, կերային, տեխնիկական և էներգիայի նպատակներին ծառայող տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության իրագործելիությունը՝ ներառյալ տնտեսական արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Ուսումնասիրության արդյունքում ընտրվել են մշակաբույսեր՝ եգիպտացորեն, արևածաղիկ, սորգո և գետնախնձոր, որոնց հիման վրա առաջարկվել են պիլոտային նախագծեր՝ Հայաստանի Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի Լոռու և Տավուշի մարզերում:
Աշխատաժողովին ներկա էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, ՀԿ-երի և գործարար ոլորտի ավելի քան 30 ներկայացուցիչ:
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության համար և ՀԱԱՀ հետոզոտական թիմին կատարած լայնածավալ և համապարփակ ուսումնասիրության համար: Նա կարևորեց հետագա քայլերի անհրաժեշտությունը:
Իր ողջույնի խոսքում ԷԿՈսերվ ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ի հետազոտական թիմին կատարված աշխատանքների համար, գործընկեր նախարարություններին իրենց մասնագիտական աջակցության և ուղղորդման համար և կարևորեց հետազոտության արդիականությունը՝ նկատի ունենալով պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։
Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի աշխատանքային թիմը:
Հուլիս 28, 2023 at 13:59