«Մասդար Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող 30 միլիոն դրամով Դաշտադեմում հյուրատուն կկառուցվի

«Մասդար Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող 30 միլիոն դրամով Դաշտադեմում հյուրատուն կկառուցվի

«Մասդար Արմենիա» ՓԲԸ-ն 30 միլիոն դրամ կտրամադրի Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար: Դաշտադեմի՝ 822 միլիոն 84 հազար 793 դրամ կադաստրային արժեքով 377,4 հա արոտավայրերը նվիրաբերվել են 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի համար, որն իրականացնում է «Մասդար Արմենիա» ՓԲԸ-ն:

2023թ․ հուլիսի 27-ին Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած հանրային լսման ժամանակ որոշվել է գումարն ուղղել հյուրատան կառուցմանը: Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ընկերությունն առաջարկում էր արոտավայրերի կրճատման խնդիրը մեղմող միջոցառումներ կազմակերպել: «Որոշել էին արոտների խնդիրը մեղմելու համար անասնակեր տրամադրել կամ դասընթացներ կազմակերպել: Մենք որոշել ենք ամբողջը միավորել և կլորիկ գումարով կոնկրետ ծրագիր անել: Համայնքային սեփականության կիսակառույց շենք ունենք, դա կվերանորոգենք, կծառայի որպես հյուրատուն: Լոկոմոտիվի դեր կտանի, որպեսզի ժողովուրդը զբաղվի տուրիզմով: Դա կլինի համայնքապատկան հյուրատուն, համայնքը եկամուտ կգեներացնի»,- ասաց նա:

Ըստ Արկադի Մարտիրոսյանի՝ հանրային լսման մասնակից տեղի բնակիչները համաձայն են եղել բնակավայրում տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը: 

Հուլիսի 13-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Դաշտադեմի ամրոցի մասնակի հիմնանորոգման, թանգարանի հիմնման և հարակից տարածքի բարեկարգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Ամրոցի տարածքը 0,16 716 հեկտար է:

Ըստ փաստաթղթի՝ վերանորոգումը կիրականացվի 6 փուլով: 

Ամրոցի վերանորոգման աշխատանքներն կիրականացվեն «Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքի Զարգացման Ծրագրի» շրջանակներում, որը ֆինասնավորվում է Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից:   

Հուլիս 27, 2023 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր